21 նոյեմբերի 2017 - 13:21 AMT
ՀՀ-ում միասնական տրանսպորտային համակարգի ստեղծման ծրագիրը կներկայացվի շվեյցարացիներին

Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրի մանրամասները կարող են ներկայացվել շվեյցարական համապատասխան ընկերություններին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանը:

Ողջունելով դեսպանին՝ Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորություններին, հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում գործակցելու վերաբերյալ։ Անդրադարձ է եղել Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրին և դրանում շվեյցարական ընկերությունների մասնակցության հնարավորությանը։

Դեսպանը, ներկայացնելով Շվեյցարիայի հասարակական տրանսպորտի կառավարման փորձը, պատրաստակամություն է հայտնել Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրի մանրամասները ներկայացնել շվեյցարական համապատասխան ընկերություններին։

Հանդիպման ավարտին Լուկաս Գասսերը Վահան Մարտիրոսյանին է փոխանցել Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնական նամակը՝ մասնակցելու դեկտեմբերին կայանալիք ինտերնետ կառավարման համաժողովին։

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերին հայտարարել էր, որ հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց: Նախարարը նշել է նաև, որ օրենքն ընդունելուց հետո մարզերից մեկում պիլոտային ծրագիր կիրականացնեն և մրցույթ կհայտարարեն։ Կուսումասիրվի պիլոտային ծրագիրը, դրա դրական և բացասական կողմերը: