21 նոյեմբերի 2017 - 15:46 AMT
Գերմանիան կֆինանսավորի ՀՀ ոչ պիտանի զինտեխնիկայի ոչնչացումը

ՀՀ և ՆԱՏՕ-ի միջև կնքվելիք համաձայնագրի շրջանակներում ոչնչացվելու է մարտական պիտանելիություն չունեցող 140 միավոր տեխնիկա և 21 միավոր զրահապատ մարտական մեքենա: Նպատակն այն է, որ Հայաստանը հետագայում հնարավորություն ունենա ձեռք բերել նոր տեխնիկա: Այդ մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ ասել է հիմնական զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրի նախագիծը դրական եզրակացության է արժանացել: Այն քննարկվելու է նաև խորհրդարանի լիագումար նիստերում:

«3 տարվա բանակցություններից հետո Գերմանիան համաձայնել է ծրագրի իրականացման համար ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի միջոցով հատկացնել 1.3 մլն եվրո: Մետաղի ջարդոնից ստացված գումարը` մոտ 100 հազար եվրո, կուղղվի մարդասիրական ականազերծման ծրագրին»,- ասել է Արտակ Զաքարյանը:

Նման ծրագիր Հայաստանում փոխնախարարի փոխանցմամբ՝ իրականացվում է առաջին անգամ: