22 փետրվարի 2008 - 16:02 AMT
Բոսնիայի Սերբական Հանրապետությունը կարող է անկախություն հռչակել Բոսնիայից եւ Հերցեգովինայից
Բոսնիայի Սերբական Հանրապետության (ՍՀ) վարչապետ Միլորադ Դոդիկը թույլ է տվել անկախության հռչակումը, եթե Սարաեւով առաջվա պես իր քաղաքականությամբ հարցականի տակ է դնելու Բոսնիայի եւ Հերցեգովինայի (ԲեւՀ) կազմում այդ ազգային-տարածքային կազմավորման կարգավիճակը:

ՍՀ-ն ապագայում կարող է օգտվել ինքնորոշման իրավունքից, այն առանց վարանելու կստուգի իր քաղաքացիների կարծիքը հանրաքվեի միջոցով, ասել է Դոդիկը: Հանրաքվեն կկայանա, եթե ՍՀ-ի դիրքերը ԲեւՀ-ի կազմում ամրապնդելու փորձերը արդյունքներ չտան:

«ՍՀ-ի գոյությունը չի կարող եւ չի դրվի երբեք կասկածի տակ»,- ընդգծել է վարչապետը: Նրա խոսքերով, Կոսովոյի անկախության հռչակումը ոչ միայն վտանգավոր նախադեպ է ստեղծել, այլեւ «նոր իրավունք, պրակտիկա եւ սկզբունքներ»: Արեւմուտքի կողմից այդ քայլի ճանաչումը «ոչնչացրեց հավատը եվրոպական արժեքների նկատմամբ»: Եվրոպան «Կոսովոյի եւ ԲեւՀ-ի նկատմամբ երկակի չափանիշների քաղաքականություն է վարում»:

ՍՀ կառավարության ղեկավարը նաեւ կողմ է ԲեւՀ-ում միջազգային վարչակարգի լիազորությունների դադարեցմանը: «Բոլոր բարեփոխումները միջազգային հանրության ղեկավարությամբ պետք է դադարեն եւ դառնան ԲեւՀ-ի քաղաքացիների գործը: Հակառակ դեպքում որեւէ բարփոխումներ ընդհանրապես չեն լինի»,- ընդգծել է վարչապետը, հաղորդում է NEWSRU.com-ը: