Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործակցության օրակարգին

Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործակցության օրակարգին

PanARMENIAN.Net - Հայաստանի համար ԵԺԿ և Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովներում քննարկվող հարցերը չափազանց կարևոր են: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։

Նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և հարաբերությունների զարգացման դինամիկային, ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչպես նաև միջկուսակցական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին, հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկում են համաեվրոպական նշանակության արդիական խնդիրներն ու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որի ժամանակ անդրադարձ կկատարվի 2015թ. Ռիգայում կայացած գագաթնաժողովում սահմանված առաջնային ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հարցերին:

Նշելով, որ 2017-ին լրանում է ԵԺԿ-ին ՀՀԿ անդամակցության 5-րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին՝ համատեղ աշխատանքի շնորհիվ ՀՀԿ-ն լիարժեքորեն ինտեգրվեց եվրոպական այս ընտանիքին: ԵԺԿ-ի հետ ՀՀԿ համագործակցությունը, նախագահի գնահատմամբ, Հայաստանի համար դարձել է նաև եվրոպական քաղաքականությանը ներգրավման կարևորագույն հարթակներից մեկը։

Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Եվրոպական խորհրդարանի նոյեմբերի 15-ի բանաձևում Հայաստանը որակվում է որպես մի երկիր, որը հաջողությամբ համատեղում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին և մասնակցությունը ԵՄ հարևանության ռազմավարությանը:

Նախագահը վստահեցրել է, որ ապագայում ևս Հայաստանը շարունակելու է առաջնորդվել համակեցության հենց այս բանաձևով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ԵԺԿ-ի գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---