Տաշիրի կենտրոնական փողոցները լուսավորվել են

Տաշիրի կենտրոնական փողոցները լուսավորվել են

PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են համայնքների աշխուժացմանն ու զարգացմանն ուղղված քայլերը: Համատեղ իրականացվող՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, 80 LED լուսարձակ է տեղեկայվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի կենտրոնական զբոսայգու հարակից բոլոր փողոցներում:

Արտաքին լուսավորության ամբողջությամբ նոր ենթակառուցվածքի շնորհիվ լուսավորվել է ավելի քան 2,5 կմ տարածություն:

Բնության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է նաև էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները և աշխուժացնելու մարզային կյանքը: Ծրագրի արդյունքն առավել տեսանելի կլինի երկարաժամկետ կտրվածքում:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը և քաղաքի բնակիչները:

«Խնդիրները լուծելու համար չպետք է վախենալ դրանք տեսնելուց: Հակառակ դեպքում դրանք կմնան, իսկ հասարակությունը զարգացման ձգտելու փոխարեն կսկի հարմարվել: Որպես ազգ, որին հատուկ է աշխատասիրությունը, մենք պետք է մերժենք այդ մոտեցումը և գիտակցենք, որ մենք ենք ստեղծում այն աշխարհը, որում ցանկանում ենք ապրել: Դա վերաբերում է և՛ մեզ շրջապատող մարդկանց, և՛ շրջակա միջավայրին: Յուրաքանչյուրը կարող է փոխել այն: Թող որ իրականացվող քայլերը լինեն փոքր, սակայն՝ վստահ: Այս գործակցության հիմքում այդ մոտեցումն է: Ուրախ եմ, որ իրականացվող ծրագրի շնորհիվ մենք երկարաժամկետ արդյունք ենք արձանագրելու հեռավոր մարզերի մի շարք գյուղերում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող համայնքի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը։

Լուսատուները համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 20:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---