23 փետրվարի 2008 - 15:04 AMT
ԼՂՀ-ում չեն կազմավորվել եւ չէին կարող կազմավորվել ընտրատարածքներ ՀՀ նախագահի ընտրությունների անցկացման համար
ԼՂՀ տարածքում չեն ձեւավորվել ընտրատեղամասեր Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների անցկացման համար եւ չէին էլ կարող ձեւավորվել, քանի որ դա կհակասեր ԼՂՀ Սահմանադրությանը: Այդ մասին ասվում է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ >Սերգեյ Նասիբյանի հայտարարության մեջ: Նրա խոսքերով, Ադրբեջանի իշխանությունները հավատարիմ են մնում քաղաքական շանտաժի եւ ապակայունացման քաղաքականությանը եւ հերթական անգամ ապարդյուն ջանքեր են նախաձեռնել Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վարկաբեկելու համար: «Այս անգամ առիթ հանդիսացան Հայաստանի նախագահական ընտրությունները, որոնք միջազգային դիտորդները գնահատել են որպես ազատ, արդար եւ թափանցիկ»,- նշվում է Նասիբյանի հաղորդագրության մեջ:

Սերգեյ Նասիբյանն ընդգծել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Արազ Ազիմովը, ինչպես նաեւ Ադրբեջանի ԿԸՀ քարտուղար Նատիկ Մամեդովը ԶԼՄ-ների միջոցով եւ միջազգային կազմակերպություններին դիմելու ճանապարհով, ապակողմնորոշում են միջազգային հանրությանը անհիմն հայտարարություններով այն մասին, որ Հայաստանի նախագահական ընտրությունների շրջանակներում ԼՂՀ տարածքում ընտրատեղամասեր են ստեղծվել:

«ԼՂՀ ԿԸՀ-ն ողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ ԼՂՀ տարածքում Հայաստանի նախագահական ընտրությունների շրջանակներում ոչ մի ընտրատեղամաս չի ստեղծվել, քանի որ դա չէր համապատասխանի ԼՂՀ Սահմանադրությանը»,- ասվում է փաստաթղթում: Նասիբյանը ուշադրություն է հատկացնում այն փաստին, որ Ադրբեջանի հերթական սադրանքները անպատասխան են մնացել, քանի որ միջազգային դիտորդները համոզվել էին որ բոլոր ընտրատարածքները բացառապես ՀՀ տարածքում էին, հաղորդում է ԼՂՀ ԿԸՀ մամլո ծառայությունը: