ՀՀ նախագահ. Հակակոռուպցիոն պայքարը ՀՀ համար ազգային անվտանգության հարց է՝ այլընտրանք չկա

ՀՀ նախագահ. Հակակոռուպցիոն պայքարը ՀՀ համար ազգային անվտանգության հարց է՝ այլընտրանք չկա

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք չկա: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում՝ հավելելով, որ անարդարության դեմ հայտարարված պատերազմի մի նոր փուլում հիմնական առաջամարտիկներից մեկը հենց ՀՔԾ-ն է:

Նա հավելել է, որ ապահով և մրցունակ պետություն դառնալու համար կա միայն մեկ ճանապարհ. այն է՝ անընդհատ զարգացնել ժողովրդավարական ձեռքբերումները: «Ավելի քան չորս տարի առաջ մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր: Այդ սկզբունքի ներքո իրացվելու է օրենքի առջև ընդհանուր հավասարության գաղափարը: Սա պետք է հստակ գիտակցեն բոլորը և, հատկապես, բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք միշտ պետք է գործեն այն համոզումով, որ կարգավիճակը, պաշտոնը կամ կոչումը ոչ թե առավելություն են, այլ առաջին հերթին՝ պատասխանատվություն: Այստեղ է, որ խիստ կարևորվում է Հատուկ քննչական ծառայության դերը», - հայտարարել է նախագահը:

«Դժվար է խոսել արդարության մասին, երբ գործնականում անհավասարության նշան է դրվում հավասարների միջև: Իմ համոզմամբ՝ անարդարության ցանկացած դրսևորում հիվանդություն է, ընդ որում՝ ծանր: Այն նման է քաղցկեղի. առանց միջամտության չի անցնում և ինքնաբերաբար չի բուժվում, ավելին՝ տարածվում է», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Ձեզ է վերապահվել պետության և հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող մի խումբ գործերի քննությունը: Դա սկզբունքայնության և ազնվության մեծ ռեսուրս պահանջող առաքելություն է: Որպես ինքնուրույն պետական մարմնի ներկայացուցիչներ՝ դուք չպետք է կաշկանդվեք վարույթով անցնող պաշտոնյաների անուններով կամ նրանց պաշտոնների անվանումներով: Դուք չպետք է կաշկանդվեք, եթե անգամ նրանց մեջ կլինեն ձեր գործընկերները: Դրանում պետք է համոզված լինեն հավասարապես բոլորը՝ պետական այրերից մինչև հասարակության յուրաքանչյուր անդամ: Հատուկ քննչական ծառայության ծանրակշիռ նվաճումների մասին մենք կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ հանրության շրջանում կամրապնդվի «բարձր պաշտոնն անձեռնմխելիության երաշխիք չէ» սկզբունքի գիտակցումը», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Վիճակագրությունը փաստում է, որ ձեր քննած գործերի գրեթե կեսը վերաբերում է կոռուպցիոն և պաշտոնական բնույթի հանցագործություններին: Ուստի, նման երևույթներին դիմակայելու քայլերը պետք է համաչափ լինեն դրանց բնույթին և տարածվածությանը: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային և ժամանակին համահունչ դրսևորումներ: Եվ այս կապակցությամբ ձեր ծառայությունից ակնկալում ենք պատշաճ ջանասիրության ցուցաբերում», - շեշտել է նախագահը:

«Ձեր գործունեության առանցքային բաղադրիչներից է նաև խոշտանգումների դեպքերի քննությունը և բացահայտումը: Նախորդ տարվա համեմատությամբ 2017-ի ընթացքում խոշտանգումների վերաբերյալ քննած գործերի քանակը պակասել է: Սակայն այդ փաստն ինքնին մեզ համար չի կարող հուսադրող լինել: Խոշտանգման դեպքերը մեծ մասամբ թաքնված բնույթ ունեն: Այդ հանգամանքը պարզապես պարտավորեցնում է մշակել և կիրառել դրանք ի հայտ բերելու նոր և արդյունավետ մեթոդներ»,- ասել է Սարգսյանը:

«Մեր երկրում անցկացված համապետական վերջին ընտրությունները ցույց են տվել, որ մենք կարող ենք հավուր պատշաճի կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող գործընթացներ: Չպետք է բավարարվենք այս ձեռքբերումով: Իշխանությունների նպատակն է անընդմեջ զարգացնել ընտրական գործընթացների ժողովրդավարական մեխանիզմները և մշտապես նվազեցնել ընտրախախտումների բոլոր հնարավոր ռիսկերը: Այստեղ Հատուկ քննչական ծառայությունը ևս պետք է իր մասնակցության ծանրակշիռ բաժինն ունենա» - նշել է նախագահը:

«Կարիք չկա առանձին խոսելու ձեր շարքերում կոռուպցիոն որևէ դրսևորման անթույլատրելիության, պատշաճ համագործակցության կարևորության կամ ազնիվ ու գրագետ կադրերով ծառայությունը համալրելու անհրաժեշտության մասին:Մոտ ապագայում ձեզնից ակնկալում ենք պարբերական և հիմնավորված զեկույցներ արձանագրված առաջընթացի մասին», - նշել է նախագահը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---