Ֆրանսիայի դեսպանը կարևորում է Մակրոնի սպասվող այցը ՀՀ

Ֆրանսիայի դեսպանը կարևորում է Մակրոնի սպասվող այցը ՀՀ

PanARMENIAN.Net - Հայ-ֆրանսիական հարաբերությունների, այդ թվում, տնտեսական համագործակցության, խթանման համար էական նշանակություն կունենա ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և ՀՀ կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահության ստանձնումը։ Այդպիսի համոզմունք է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը:

Դեսպանն այս համատեքստում կարևորել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող այցը Հայաստան։

Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության հեռանկարները։

Նախարար Կարայանը նշել է, որ հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու համար երկուստեք լուրջ աշխատանք է պետք տանել՝ օգտագործելով չիրացված ներուժը։ Ժոնաթան Լաքոտի խոսքով՝ Հայաստանում ներկայացված ֆրանսիական բիզնեսն ընդլայնվելու մտադրություն ունի։ Դեսպանը հավելել է, որ արդեն իսկ հասցրել է հանդիպել որոշ ներդրողների հետ, և կարող է փաստել, որ ֆրանսիացիները ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում՝ հաշվի առնելով նաև Հայաստանի արտահանման հնարավորությունները դեպի եվրոպական, եվրասիական և իրանական շուկաներ։

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ շուտով կբացվի Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչը կարող է ֆրանսիական բիզնեսի գործունեության համար նոր հնարավորություններ ստեղծել։ Նախարարը ևս համոզմունք է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարևոր ազդեցություն կունենաերկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Նախարարի խոսքով՝ այն էլ ավելի մեծ վստահություն կներշնչի եվրոպացի և մասնավորապես ֆրանսիացի գործարարներին Հայաստանում գործունեություն ծավալելու համար՝ հաշվի առնելով նաև այն բարեփոխումները, որոնք Հայաստանը իրականացրել և շարունակելու է իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագրի շրջանակներում ևս, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք պատրաստ ենք լինել Հայաստանում գործող ֆրանսիական բիզնեսի կողքին, աջակցել նրան և բոլոր ջանքերն ուղղել այնպիսի միջավայրի և պայմանների ապահովմանը, որոնք անհրաժեշտ են ֆրանսիացի գործարարներին Հայաստանում գործունեություն իրականացնելու համար», - նշել է նախարար Կարայանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---