Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալը ձերբակալվել է ԿՀԴՊ աշխատակիցների կողմից

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել, որ սեւ գույնի ԲՄՎ X5 մակնիշի, 99 ՏԼ 555 պետհամարանիշի եւ արծաթագույն ՎԱԶ 21010 մակնիշի, 80 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենաների մեջ գտնվող անձինք զինված են եւ նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում: Այդ մասին ասվում է ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության հայտարարության մեջ:



Ժամը 23.00-ի սահմաններում, Արգավանդի խաչմերուկի մոտ ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից նշված մեքենաները կանգնեցվել են: Ստուգելու ժամանակ մեքենաների մեջ գտնվող անձանց կողմից դիմադրություն է ցուցաբերվել, որի ընթացքում ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանի հաշվեցուցակային զենքից անզգուշաբար կրակոցներ են արձակվել, ինչի հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել նույն վարչության աշխատակից Գեւորգ Մալխասյանը, 3-րդ վարչության ավագ օպերլիազոր Տիգրան Կարապետյանը եւ դիմադրություն ցուցաբերած Վարդան Ջհանգիրյանը: ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկվել ավտոմեքենաներում գտնվողները` ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ Լյովա Պողոսյանը:



Գագիկ Ջհանգիրյանի մոտից հայտնաբերվել է չեխական արտադրության ՉԶ-75 տեսակի ատրճանակ` լիցքավորված 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, Վարդան Ջհանգիրյանի մոտից` ՊՍՄ տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով եւ փամփշտակալով, Կարեն Հովհաննիսյանի մոտից` «Մակարով» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով ու եւս մեկ փամփշտակալ` 8 փամփուշտով: Ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացան, «Բրաունինգ» տիպի ատրճանակ` 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, դաշույն, ձեռնաշղթա եւ զրահաբաճկոն: Վարդան Ջհանգիրյանը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունը:



Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահՌոբերտ Քոչարյանի հրամանագրով գագիկ Ջհանգիրյանը ազատվել է զբաղեցրած գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է թե սատարում է Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության շարժմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---