24 փետրվարի 2008 - 14:38 AMT
Տիգրան Թորոսյան. Ընդդիմության գործողությունները ատելության եւ վրեժի ակնհայտ դրսեւորումներ են
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, թե չգիտի թե ինչի մասին կարելի է խոսել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետ, որը վիճարկում է Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքները: «Մարդիկ, որոնք երկխոսության կոչ են անում, պետք է նշեն երկխոսության առարկան: Սակայն եթե այդ մարդիկ, ընտրատեղամասերի փակումից գրեթե անմիջապես հետո, երբ դեռեւս չեն բացվել արկղերը, հաղթող են հայտարարում իրենց, եւ այնուհետեւ թատերականացված ներկայացում են կազմակերպում Ազատության հրապարակում, ապա ես չգիտեմ, թե ինչի մասին կարելի է խոսել այդ մարդկանց հետ»,-ասել է Թորոսյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, այդ մարդիկ ընտրություններից արդեն հինգ րոպե անց ժողովրդի փոխարեն որոշել են թե ով է հաղթողը, ինչը շատ բնորոշ է իրենց համար»,-ասել է Թորոսյանը: Խոսնակը գտնում է, որ Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները սպառել են ստի եւ կեղծիքի ողջ պաշարը, եւ դրանում անցնում են ոչ միայն բոլոր խելամիտ սահմանները, այլ նաեւ ֆանտաստիկայի սահմանները:

«Այլ ժանրում նա չի կարող իրեն որպես նախագահ տեսնել: Նրանք սուտ լուրեր են տարածում տարբեր մարդկանց մասին, վիրավորում են բոլորին, ով իրենց կողքին չէ: Համոզված եմ, որ նրանք ատում են նույնիսկ նրանց, ով իրենց կողքին է կանգնած եւ մասնակցում է այդ ամենին: Դա ատելության եւ վրեժի ակնհայտ դրսեւորում է»,-ասել է Թորոսյանը:

«Ես համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ գիտի, որ ինքը նախագահ չի լինելու եւ չէր կարող ընտրվել: Սակայն այստեղ առկա է վրեժխնդրության եւ ատելության զգացողությունը, փորձերը ամեն գնով նսեմացնել պետության վարկը եւ կայացած ընտրությունները»,-հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: