Երևանի մոտ 90 բազմաբնակարան շենքի տանիքներին արևային վահանակներ կտեղադրվեն

Երևանի մոտ 90 բազմաբնակարան շենքի տանիքներին արևային վահանակներ կտեղադրվեն

PanARMENIAN.Net - Երևանի մոտ 90 բազմաբնակարան շենքի տանիքներին արևային վահանակներ կտեղադրվեն: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է շահագրգիռ կառույցներին և պոտենցիալ ներդրողներին քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային փաթեթների ներկայացումը:

Ասվել է, որ արդեն իսկ հստակեցված է ԵՄ կողմից «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով մայրաքաղաքում իրականացվող «Երևան՝ արևային համայնք» ծրագրի շրջանակում մոտ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին արևային վահանակներ տեղադրելու, ինչպես նաև տվյալ շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով վերելակները, շքամուտքերը, այդ թվում բակային տարածքները LED լուսատուներով լուսավորելու պիլոտային ծրագրի իրականացման ժամանակացույցը:

Մեծապես կարևորելով այս ծրագրի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դրա արդյունավետությունով պայմանավորված՝ այն կարող է ունենալ շարունակություն ամբողջ քաղաքում, որի նպատակով համայնքային բյուջեից կկատարվեն համապատասխան հատկացումներ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Քաղաքապետը գլխավոր դիզայներին, բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է 2018-ին՝ հոբելյանական տարվան ընդառաջ, մշակել մայրաքաղաքի յուրահատուկ և ներկայանալի ծաղկային ձևավորման առաջարկներ:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները: Պատրաստ է նաև «Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծրագրի մանրամասները ներկայացնել հանրությանը:

Ընթերցեք նաև.Սպառողները կկարողանան արևային էներգիան նաև ջեռուցման նպատակով օգտագործել

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---