ՀՀ ԱԳՆ աշխատակիցներն ազատվել են աշխատանքից ապօրինի գործունեության համար

PanARMENIAN.Net - Ըստ օրենքի Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցներն ու դիվանագետները իրավունք չունեն զբաղվելու քաղաքական գործունեությամբ: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով որոշ դիվանագետների որոշումը ՀՀ նախագահի պաշտոնի նախկին թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: «Ես հրամանագիր եմ ստորագրել զբաղեցրած պաշտոններից ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի եւ նրան միացած հինգ աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին, որոնք հայտարարել են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը սատարելու մասին»,-ասել է Օսկանյանը:



Նրա խոսքերով, դիվանագետների նման քայլը ցավով է ընկալվել իր կողմից: «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է պետության ղեկավարի կողմից նշանակված դեսպանը սատարել մի մարդու, որն այդ պետությունն անվանում է «ավազակային», իսկ նախագահին` «ավազակ»: Սակայն ամբողջ հարցը նրանում է, որ այդ մարդիկ ընտրվել եւ իրենց պաշտոններում են նշանակվել նախկին նախագահի կողմից: Ցավոք, դեսպաններին մեզ մոտ ոչ թե ուսուցանում են, այլ ուղղակի նշանակում: Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ նման եզակի դեպքերը չեն կարող սասանել ԱԳՆ-ն»,-ընդգծել է Օսկանյանը` հավելելով, որ 1998 թվականին ասել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին «նախարարությունում տիրող թույլ եւ անառողջ մթնոլորտի» մասին:



Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ «վհուկների որս» իր գերատեսչությունում չի լինի: «Ես համոզված եմ, որ կատարվածը չի անդրադառնա նախարարության աշխատանքի վրա, այն կաշխատի անարգել: Առավել եւս, որ ԱԳՆ թուլությունից կարող է օգտվել Ադրբեջանը, որն արդեն իսկ դիվանագիտական ուղիներ է որոնում` Հայաստանի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի խարխլելու համար»,-ասել է Վարդան Օսկանյանը:



Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ընդդիմությանն են միացել ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ՄԱԿ-ի բաժնի պետ Վարսենիկ Բաղդասարյանը, ԱՄՆ-ի եւ Կանադայի բաժնի պետ Կարինե Աֆրիկյանը, սպառազինության եւ անվտանգության դեպարտամենտի ՆԱՏՕ-ի բաժնի պետ Մարտա Այվազյանը, Եվրոպայի հարցերի դեպարտամենտի խորհրդական Արաքել Սեմերջյանը եւ Ամերիկայի դեպարտամենտի Հարավային Ամերիկայի բաժնի երկրորդ քարտուղար Էլեն Մովսիսյանը: Ավելի վաղ Լ.Տեր-Պետրոսյանին սատարելու մասին հայտարարել էին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում եւ Ղազախստամում Հայաստանի դեսպաններ Ռուբեն Շուգարյանը եւ Լեւոն Խաչատրյանը: Փոխնախարարը եւ դեսպանները ազատվել են զբաղեցրած դեսպաններին եւ զրկվել են դիվանագիտական կարգավիճակներից Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---