Բաղրամյանի 120-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Բելառուսում

Բաղրամյանի 120-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Բելառուսում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանում բացվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Բելառուսում ՀՀ դեսպանության և «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, բելառուս զինվորականներ, ուսանողներ և մտավորականության ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դեսպան Եսայանը, ելույթ ունենալով ցուցահանդեսին, շնորհակալություն է հայտնել բելառուս ժողովրդին՝ մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդեսը կազմակերպելու և Հայրենական մեծ պատերազմի հրամանատարների ու հերոսների, ինչպես նաև ընդհանուր հաղթանակի մասին հիշողությունը վառ պահելու համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայի Հաղթանակի թանգարանում կանգնեցվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրին ծննդյան 120-ամյակի կապակցությամբ: Զորավարի բրոնզե քանդակը տեղադրվել է թանգարանի գլխավոր սրահում, խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Մեծ հայրենականի հերոսների սխրագործությունը։

Հովհաննես Բաղրամյանը Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար է, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ 1915-ին Բաղրամյանը կամավոր ընդգրկվել է Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան կայսրության դեմ։ Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918-ի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին։

1941-ի հունիսին նշանակվել է ԽՍՀՄ բանակի շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում: 1942-ին առաջ է քաշվել 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարել է Օրյոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943-ին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944-ի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։

1945-ի սկզբին նրա բանակը մասնակցել է Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։ 1955-ին նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության մարշալի կոչում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---