Բյուրականի աստղադիտարանի հետ գործակցող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է

Բյուրականի աստղադիտարանի հետ գործակցող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է

PanARMENIAN.Net - Երևանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտաժողովի ընթացքում Թուրքիան անդամակցել է 2015-ից Միջազգային աստղագիտական միության որոշմամբ աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն դարձած Բյուրականի աստղադիտարանին: Անդամակցող երկրների շարքում են նաև Իրանը, Վրաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը:

Բյուրականի աստղադիտարանում հիմնարար հետազոտությունների հիմնական ուղղությունը շարունակում են մնալ տիեզերքում անկայուն երևույթները և տիեզերական օբյեկտների առաջացման մեջ դրանց նշանակության բացահայտումը: Դրան զուգահեռ, սկսվել են նաև կիրառական հետազոտություններ։ Դրանց հնարավորությունն առաջացել է Բյուրականի գործունեության պատմության ընթացքում արձանագրված ձեռքբերումների շնորհիվ։

«Երկրաշարժից, ապա նաև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գիտությունը հայտնվեց բավականին ծանր վիճակում. շատերը հեռացան աստղադիտարանից: Համբարձումյանը մինչև իր մահը շարունակում էր գալ աշխատանքի։ Նրա վարակիչ օրինակը պահեց այն գիտաշխատողներին, սակայն գիտությունը չէր կարող զարգանալ առանց ֆինանսական ներդրումների: Բյուրականի աստղադիտարանին առաջինն օգնության հասան ֆրանսիացի գործընկերները՝ օգնելով վերականգնել 2.6 մ-անոց դիտակի աշխատանքը: Նույն 90-ականներին այդ մեծ դիտակի համար ընդունիչ սարքավորում հատկացրեցին ռուս գործընկերները։ 2000-ականների կեսերին արդեն, առաջին անգամ, պետությունից բացի, աստղադիտարանին աջակցեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ զգալի ներդրում կատարելով երեք տարբեր նպատակներով: Աստղադիտարանի կյանքում դա եզակի դեպք է դիտարկվում մինչև օրս, քանի որ մասնավոր որևէ այլ ընկերություն այդպիսի լուրջ ներդրում այստեղ չի կատարել: Նախկինում հսկայական աշխատանք իրականացրած, սակայն գրեթե չաշխատող (իսկ շատ հայտնի մեկ մետրանոց դիտակն առհասարակ չէր աշխատում) դիտակներն սկսեցին աշխատել: 2007-ից սկսվեց մետրանոց դիտակի վերականգնումը: Տրամադրված միջոցներով վերականգնվեցին 2.6 մ-անոց դիտակի կառավարման սենյակը, հեղուկ ազոտի ստացման համակարգը, առանց որի հնարավոր չէր դիտումներ իրականացնել: Ներգրավվեցին նոր երիտասարդ գիտաշխատողներ»,- ասում է աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը:

Ավելի ուշ՝ 2010-ականների սկզբից, Բյուրականում ռուսական «ՌոսԿոսմոս» գործակալության համար սկսվեցին կիրառական հետազոտություններ իրականացվել։ Այդ նախագիծի շրջանակում երկրաշուրջ տարածության մոնիտորինգ է իրականացվում մարդածին և բնական աղետների կանխազգուշացման նպատակով։ Երկիր մոլորակի շուրջը մեծ արագությամբ պտտվող արբանյակների, դրանց և հրթիռների մասերի կուտակման հետևանքով շուրջ 5000-6000 տոննա մետաղ է հավաքվել, ինչը լուրջ վտանգ է բոլոր գործող արբանյակների համար։

Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը համարվող՝ Բյուրականի աստղադիտարանը, հավակնում է դառնալ նաև գիտական տուրիզմի խոշոր կենտրոն: Առաջիկա ծրագրերում նաև այցելությունների կազմակերպման համար մասնագիտացված կենտրոնի կառուցումն է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---