Ռոբերտ Քոչարյան. Մեր համբերությունը սպառված է

PanARMENIAN.Net - Ժամանակն է, որպեսզի բոլորն սթափվեն եւ հասկանան, որ զոռբայությամբ իշխանության չեն գալիս: Այդ մասին փետրվարի 26-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք շատ համբերատար ենք: Բոլորը, ովքեր ժամանում են Հայաստան, մեր միջազգային հարաբերությունների շրջանակներում, նշում են մեր համբերությունը: Ես միշտ հարցնում եմ, իսկ այդ համբերությունը ունի որեւէ սահմաններ եւ քանի օր է պետք համբերել, որպեսզի դուք մեզ լիարժեք համբերատար համարեք: Ցանկացած այլ երկրում ոչ մի իշխանություն 6 օր անընդմեջ թույլ չէր տա չարտոնված հանրհավաքներ եւ երթեր: Անգամ մեկ օր չէին համբերի, քանի որ նախադեպի հարց է առաջանում եւ անվստահության հարց իրավապահ մարմինների նկատմամբ: Մեր համբերությունը սպառված է»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:



Հայաստանի նախագահը վստահ է, որ վեց օրը բավական ժամկետ է, որպեսզի սթափվեն, քանի որ հասարակական կարգուկանոնը պահպանողների համբերությունը կարող է սպառվել: «Ես կոչ եմ անում Ազատության հրապարակում հավաքվածներին չդառնալ գործիք անպատասխանատու քաղաքական գործիչների ձեռքերում: Դա ձեր խաղը չէ, այս պայքարից դուք չեք շահի, միայն կկորցնեք, եւ կկորցնի երկիրը»,- ասել է նա:



Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթն ամբողջությամբ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը ցուցադրելու է «Հայլուր» լրատվականի 21:00-ի հիմնական եթերից հետո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---