Ռոբերտ Քոչարյան. Մենք հասկանում ենք, որ Ազատության հրապարակում կան մոլորված մարդիկ

PanARMENIAN.Net - «Ընտրություններից մի քանի ամիս առաջ Հայաստանի նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե իր ռազմավարությունը լինելու է պետական հաստատությունների կազմալուծումը: Նրա թիմը հանդիպումներ էր կազմակերպում պետական կառույցների ներկայացուցիչների հետ` փորձելով իրենց կողմը քաշել նրանց: Եզակի դեպքերում դա նրանց հաջողվեց»,-Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք գիտեինք բոլոր նման դեպքերի մասին: Այն նույն մարդիկ, որոնց շրջանում նա քարոզչություն էր վարում, զգուշացնում էին մեզ նման վտանգավոր մեթոդների մասին, որը Տեր-Պետրոսյանը կիրառում էր ՀՀՇ-ի ակտիվիստների հետ: Այդ փորձերը ձախողվեցին: Իսկ այն եզակի դեպքերը, երբ դա նրան հաջողվեց, ստացան իրենց գնահատականը: Իրավապահ մարմինները իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվել: Դիվանագետները պետք է զուսպ լինեն: Այս ամենը ես գնահատում եմ, որպես հայոց պետականության դեմ ուղղված քայլեր, որը մենք կառուցում ենք տարիներ շարունակ: Եվ հայտնվում է մի մարդ, որ հայտարարում է, թե նպատակասլաց կերպով քանդելու է Հայաստանի պետականությունը: Նման բան չի կարելի թույլ տալ, եւ որոշ մարդիկ օրենքի առջեւ պատասխան կտան իրենց գործողությունների համար»,-ասել է ՀՀ նախագահը:



Ռ.Քոչարյանը հիշեցրել է նաեւ, որ ընտրություններից 2 շաբաթ առաջ Լ.Տեր-Պետրոսյանն արդեն իսկ հայտարարեց իր հաղթանակի մասին: «Դրանով նա իրեն փակուղի տարավ, որից շատ դժվար է դուրս գալը: Եվ այժմ հավաքել է կողմնակիցներին Թատերական հրապարակում, հայտարարել թե ընտրությունները կեղծված են եւ հնարքներով փորձում է պահել մարդկանց հրապարակում: Դա, առաջին հերթին, անարգանք է սեփական ժողովրդի, կողմնակիցների հանդեպ, երբ խեղդվողը փորձում է տանել իր հետ մերձավորներին: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ մարդը չարիք է եղել երկրի համար, սակայն այսօր առավել մեծ չարիք է դարձել իր մերձավորների համար: Փոխանակ օգնելու այդ մարդկանց դուրս գալ իրավիճակից, նա վատթարցնում է նրանց վիճակը: Պետությունը չի կարող անվերջ հանդուրժել օրենքի խախտումը: Այսօր արդեն 6-րդ օրն է, ինչ ապօրինի ցույցը շարունակվում է: Իրավապահ մարմիններն ուղղակի պարտավոր են կասեցնել դա: Չեն արել մեկ պատճառով` ես եմ հորդորել չանել դա, չսրել իրավիճակը, հուսալով, որ կսթափվեն: Մենք էլի կսպասենք: Սակայն մեր համբերությունն անսպառ չէ, դա կարող է ուղղակի անվստահություն առաջացնել իրավապահ մարմինների հանդեպ, տպավորություն առաջացնել, թե իրենք չեն կարող ապահովել կարգուկանոնը: Սակայն բոլոր հնարավորությունները կան: Մենք հասկանում ենք, որ հրապարակում կան նաեւ մոլորված մարդիկ: Երբ դիտում ես կադրերը Ազատության հրապարակից, տպավորություն է ստեղծվում թե այնտեղ շատ անտաղանդ բեմականացում է իրականացվում»,-ասել է Ռ.Քոչարյանը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---