Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀԿ նախագահությունը

Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀԿ նախագահությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը Կիևում ստանձնել է ՍԾՏՀԿ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, նախագահությունը: ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի 37-րդ նիստին ներկա էր ՍԾՏՀԿ անդամ 12 պետության, 13 դիտորդ երկրի և գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություն։

ՀՀ-ն ներկայացնող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու լինելով ՍԾՏՀԿ ռազմավարական նպատակներին՝ վերահաստատում է իր աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, ինչը բխում է ՍԾՏՀԿ կանոնադրական նպատակներից:

Նա նշել է, Հայաստանը որպես նախագահող երկիր առաջիկա 6 ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում կպահի ՍԾՏՀԿ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնումը և առկա մեխանիզմների միջոցով առաջ կմղի նախագծված օրակարգը:

Անդրադառնալով ՍԾՏՀԿ բարեփոխման գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ այս փուլում իր հիմնական առաքելությունն իրականացնելու համար ՍԾՏՀԿ-ին անհրաժեշտ են գործնական և իրատեսական քայլեր:

ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ Կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների համառ փորձերն ազդում են ոչ միայն տարածաշրջանի բազմակողմ տնտեսական համագործակցության, այլև Կազմակերպության բուն հիմքերի, դրա հիմնական նպատակների վրա և հարցականի տակ դնում ՍԾՏՀԿ հեղինակությանը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն:

Հայաստանի ԱԳ ղեկավարը նաև հավելել է, որ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում որոշ անխոհեմ փորձերը` բարեփոխումների քողի ներքո ներգրավվելու Կազմակերպությունից առանձին ինչ-որ գործողություններում, հակասում են Կազմակերպության կանոնադրությանը, ՍԾՏՀԿ ԽՎ նպատակներին և ընթացակարգերին՝ բացասաբար ազդելով Կազմակերպության հեղինակության վրա:

Արձագանքելով Ադրբեջանի պավիրակության ղեկավարի ելույթին, Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ՍԾՏՀԿ հարթակն իր նեղ քաղաքական շահերն առաջ մղելուն ծառայեցնելու Ադրբեջանի փորձերը խոչընդոտում են ՍԾՏՀԿ տնտեսական համագործակցությանը և դժվար թե Կազմակերպության շրջանակներում հնարավոր լինի ձեռքբերումներ ակնկալել, եթե այս հարթակը շարունակվի շահագործվել քարոզչության նպատակներով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ամփոփելով իր խոսքը՝ արտգործնախարար Նալբանդյանը շեշտել է. « Հայաստանն իր նախագահության ընթացքում կապավինի այն համատեղ ջանքերին, որոնք միտված են համակողմանի տարածաշրջանային համագործակցության ու տնտեսական փոխկապվածութան առաջմղմանը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---