19 դեկտեմբերի 2017 - 13:52 AMT
Վարորդները կպայքարեն աջակողմյան ղեկով մեքենաների արգելքի դեմ

Աջակողմյան ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնություն է ստեղծվել: Այն պայքարելու է Հայաստանի կառավարության՝ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծումն և շահագործումն արգելող որոշումների նախագծի դեմ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում նախաձենության համակարգող Գևորգ Աճեմյանն ասաց, որ դեկտեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մինչև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենք ավտոերթ է կազմակերպվելու:

«Պատրաստվում ենք կառավարությանը հայտնել մեր մտահոգություններն ու առաջարկները: Եթե դրանք չընդունվեն, պայաքարն անխտիր բոլոր միջոցներով շարունակելու ենք մինչև վերջ», - ասում է Գևորգ Աճեմյանը:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանում էր, տարածել, համաձայն որի նախագիծը առաջարկում է թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: «Սրանից բխում է, որ մինչև 2018-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները»,-ասված էր հայտարարության մեջ:

Գևորգ Աճեմյանի խոսքով՝ նախագծով արգելվում է աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերահաշվառումը:

«Մեքենան մասնավոր սեփականություն է, ոչ ոք չի կարող զրկել մարդուն իր սեփականությունը շահագործելու իրավունքից: Մենք պահանջելու ենք կառավարությունից վերացնել աջակողմյան ղեկով մեքենաների վերահաշվառման արգելքը, պայքարելու ենք նաև 2018-ի ապրիլի մեկից այսպիսի մեքենաների ներմուծման արգելքի դեմ: Սա ազատ շուկա է, ոչ ոք չի կարող նման սահմանափակումներ դնել»,- ասաց նախաձեռնության համակարգողը՝ հավելով, որ գործադիրը կարող է բարձրացնել աջակողմյան ղեկով մեքենաների մաքսազերծման դրույքաչափը, բայց «արգելելու իրավունք չունի»:

Չնայած տրանսպորտի նախարարության պարզաբանմանը, փաստաթղթի հիմնավորման մեջ աջ ղեկով մեքենաների շահագործման արգելքի մասին ասվում է՝ սակայն առանց որևէ ժամկետ նշելու։ «Առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում»,, - նշվում է հիմնավորման մեջ: