Հայաստանի մանուկներ հիմնադրամին $3.6 մլն է հանգանակվել

Հայաստանի մանուկներ հիմնադրամին  $3.6 մլն է հանգանակվել

PanARMENIAN.Net - Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել է 3.6 միլիոն դոլար։ Հանգանակված ողջ հասույթը ծառայելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրերին՝ հատուկ շեշտ դնելով ՍՄԱՐԹ նախաձեռնության վրա։

Նյու Յորքի ամենամեծ բարեգործական միջոցառմանը ներկա էին արվեստի աշխարհում համաշխարհային հռչակ վայելող Թոնի Շաֆրազյանը, «էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր, դերասանուհի ԱնդրեաՄարտինը, դիզայներ Մայքլ Արամը, շեֆ-խոհարար Ջեֆրի Զաքարյանը, դերասանուհի և երգչուհի Վանեսա Ուիլիամսը։

«COAF-ի մարդասիրական մրցանակը» շնորհվել է «էմմի» մրցանակի դափնեկիր, հագուստի մոդելավորող և դիզայներ Պատրիսիա Ֆիլդին («Սեքսը մեծ քաղաքում», «Սատանան Պրադա է կրում»)։ Ֆիլդը, որը հայկական և հունական արմատներ ունի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի վաղեմի աջակիցն է, քաջալերում է մարդկանց իրացնել իրենց ամբողջ ներուժը, լինել յուրօրինակ ու հասնել անհատական կատարելության։

Ֆիլդին անձամբ մրցանակ հանձնեց Վանեսա Ուիլիամսը. նրանք միասին աշխատել են «Տգեղ Բեթին» (Ugly Betty) հեռուստասերիալում։ Երգչուհին կատարել է «Ոսկե գլոբուս» և Ակադեմիայի մրցանակակիր «Քամու գույները» (Colors of the Wind) երգը։

Երեկոյի հատուկ հյուրերն էին Հայաստանից մեկնած երաժիշտներ 14-ամյա սաքսոֆոնահար ԱլեքսանդրԱվետիսյանը և 9-ամյա վոկալիստ Անի Մարգարյանը։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու լեռնագոգցի (Արմավիր) 16-ամյա Նարե Գալստյանին։ Նա վառ գույներով պատմեց, թե ինչպես է COAF-ը փոխել իր կյանքը, ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք մինչ այդ գոյություն չունեին իրենց գյուղում։

Աշխարհահռչակ կոլեկցիոներ Սայմեն դե Պյուրին աշխուժություն ապահովեց իր վարած աճուրդի ամբողջ ընթացքում։ Ներկայացված էին COAF-ի առաքելությանը նվիրաբերված արվեստի եզակի գործեր հայտնի արվեստագետներ Էդ Ռուշայի, Ռիչարդ Փրինսի, Քենի Սքարֆի և Պատրիկ Դեմարշելյեի կողմից։ Աճուրդում վաճառվեց նաև ամերիկահայ աշխարհահռչակ արձակագիր Վիլյամ Սարոյանի գործերից մեկը։

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67,000 բնակիչները:

2015 թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---