Գյուղնախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ԳՄՕ-ների հարցը

Գյուղնախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ԳՄՕ-ների հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը քննարկել են գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) գործածությանը և բիոտեխնոլոգիաների կիրառմանը վերաբերող հարցեր` շեշտադրելով սննդամթերքի անվտանգության և բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«ԳՄՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընգրկվել են ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության և ՀՀ առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և գիտնականներ: Աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԳՄՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումներն իրականացնել «նախազգուշավորության սկզբունքով», քանի որ դեռևս ապացուցված չէ դրանց անվտանգությունը», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է վերանայել և լրամշակումներ կատարել «ՀՀ-ում ԳՄՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի սկզբնական տարբերակում:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունն աջակցել Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը և փորձի փոխանակման նպատակով Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների:

«Մենք կարևորում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ մեր երկարամյա գործընկերությունը, որի հիմքում գյուղական բնակավայրերում տնտեսության և մարդկանց բարեկեցության բարելավման մեր ընդհանուր նպատակն է: Հայաստանում ԱՄՆ աջակցության շրջանակում գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է, քանզի այս ոլորտում մենք աճի մեծ ներուժ ենք տեսնում, և Դեսպանությունը կշարունակի աջակցել Նախարարությանը ոլորտի կանոնակարգման ու վերահսկման գործառույթի իրականացման հարցում», - նշել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---