21 դեկտեմբերի 2017 - 13:53 AMT
«Գազպրոմ-Արմենիան» մուծում է գրեթե ԵՊՀ չափ շահութահարկ

Կառավարության դեկտեմբերի 14-ի նիստում որոշվեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին ամրացված մոտ 1.3 մլրդ դրամ արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը:

Խոսքը իրանական կողմի ֆինանսավորմամբ Մեղրու և Ագարակի գազաֆիկացման համար ստեղծված ենթակառուցվածքների մասին է։ Բնականոն հարց է ծագում՝ որքան գումար է աշխատում Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը, որ ծագում է նրան շուրջ $2,5 մլն-ի գույք նվիրաբերելու անհրաժեշտություն։

«Գազպրոմ-Արմենիան» ավանդաբար բարձր տեղեր է զբաղեցնում հարկատուների ցանկերում։ Սակայն ընկերության հարկերի մեծ մասն անուղղակի հարկերն են, որոնք վերջին հաշվով վճարում է սպառողը։ Ընդամենը, ՊԵԿ տվյալներով, 2012-2016 թվականներին (2017-ի տվյալները դեռևս ամփոփված չեն) ընկերությունը վճարել է 1,73 մլրդ դրամ շահութահարկ։ Համեմատության համար՝ ԵՊՀ-ն նույն 5 տարում վճարել է 1․460 մլրդ շահութահարկ՝ «Գազպրոմից» ընդամենը 270 մլն դրամով պակաս։ Ինչպե՞ս է այսպես ստացվում։

«Գազպրոմ-Արմենիան»՝ ըստ սեփական հաշվետվությունների, զգալի կուտակված վնաս ունի։ Այն վնաս էր հայտարարագրում առնվազն 2011 թվականից մինչև 2013 թվականը, երբ հայկական կողմը մոտ $300 մլն պարտք կուտակեց Մոսկվայի առաջ, կողմերի ուշացած բացատրությամբ, սահմանին գազի գինն $180-ից $270 բարձրացնելու, սակայն տեղական սակագինը փոփոխության չենթարկելու արդյունքում։ Այն ժամանակ Հայաստանը փակեց պարտքը դեռևս «Հայռուսգազարդ» անվանումը կրող հիմնարկի՝ իրեն պատկանող բաժնետոմսերի վերջին 20%-ով, ինչից հետո ընկերությունը 100%-ով անցավ «Գազպրոմին», ձեռք բերվեց սահմանին 1000 խմ գազի գինը մինչև $189 իջեցնելու պայմանավորվածություն։ Սպառողների համար գազն, այնուամենայնիվ, թանկացավ, Երևանն էլ հայտարարեց, որ կուտակված մոտ 300 մլն պարտքն այլևս չկա․ կեսը «փակվել» է «Հայռուսգազարդի» բաժնետոմսերով, մյուս կեսը Մոսկվան է «փակել»։

2012 և 2013 թվականին վնասները կազմել են համապատասխանաբար 66,2 և 24,7 մլրդ դրամ։ 2014 թվականին «Գազպրոմ-Արմենիան» մոտ 35 մլրդ դրամ տարեկան շահույթ ունեցավ, 2015-ին՝ կրկին 10,7 մլրդ դրամ վնաս, հաջորդ տարի՝ 1,66 մլրդ դրամ շահույթ։ 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ, ընկերությունը դեռևս մոտ 94 մլրդ դրամի կամ մոտ $196 մլն-ի կուտակված վնաս ունի։

PAN-ը խնդրել է «Գազպրոմ-Արմենիային» մեկնաբանել վնաս կուտակելու պատճառները։ պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։