21 դեկտեմբերի 2017 - 14:42 AMT
2018-ի ամենասպասված ֆիլմերն՝ ըստ IMDb-ի

IMDb կինոռեսուրսը կազմել է 2018-ի ամենասպասված ֆիլմերի ցանկը:

Վարկանիշը գլխավորում է «Վրիժառուներ. Անսահմանության պատերազմը» ֆանտաստիկ մարտաֆիլմը, որի պրեմիերան սպասվում է մայիսին: Marvel-ի կինոաշխարհի նոր ֆիլմում Վրիժառուները միավորվում են Գալակտիկայի պաշտպանների և այլ հերոսների հետ՝ մարտնչելու համար չարագործ Տանոսի դեմ:

Երկրորդ տեղում «Սև հովազ» սուպերհերոսական ֆիլմն է՝ նույնպես Marvel-ի կոմիքսների մոտիվներով: Պրեմիերան նախատեսված է փետրվարին: Երրորդ տեղում «Դեդփուլի» սիքվելն է Ռայան Ռեյնոլդսի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմը էկրան կբարձրանա մայիսի 31-ին, գրում է Lenta.ru-ն The Wrap-ի վրա հղումով:

Առաջին 10-յակում են նաև «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2», «Tomb Raider. Լառա Քրոֆթ», «Խաղաղօվկիանոսյան բնագիծ 2», «Գիշատիչը», «Օուշենի 8 ընկերուհին» և «Առաքելությունն անիրականանալի է 6» ֆիլմերը: Վարկանիշային ցուցակը եզրափակում է «Սոլո. Աստղային պատերազմներ՝ պատմություններ» ֆիլմը, որը ֆանտաստիկ սագայի սփին-օֆն է և նվիրված է մաքսանենգ Հան Սոլոյի երիտասարդությանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ըստ Rotten Tomatoes կինոռեսուրսի, տարվա ամենապահանջված ֆիլմնը եղել է ռասիզմի մասին ռեժիսոր Ջորդան Փիլի «Հեռու» ֆիլմը: Կինոսերները լավագույն ռուսական ֆիլմ են համարել Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» դրաման: