Աթեշյան. Պետք է հնազանդ լինել Թուրքիայի կառավարությանը

Աթեշյան. Պետք է հնազանդ լինել Թուրքիայի կառավարությանը

PanARMENIAN.Net - Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։ Այդ մասին Երևանում հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարքի նախկին փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։

2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը: Պատրիարքական Նոր ընտրությունները պետք է կայանային դեկտեմբերի 13-ին,սակայն, չկայացան:

«Ես գրավոր ունեմ, որ ես պատրիարքական ընդհանուր փոխանորդ եմ։ Եվ պետությունը դա վավերացրել է»,- նշել է նա՝ հավելելով, որ 8 տարի է փոխանորդ է և ոչ ոք չի գրում իր հաջողությունների մասին, գրում է «Ա1+»-ը:

«Ինձ միշտ ասում են, որ Աթեշյանը Էրդողանի եղբայրն է։ Ես էլ լավ եմ զգամ։ Եթե ես երկրի նախագահի հետ լավ եմ, վարչապետի հետ լավ եմ, նախարարի հետ լավ եմ, դա իմ համայնքի շահն է։ 2010-ին, երբ փոխանորդ ընտրվեցի, Անկարա գնացի, ասի՝ տարին մեկ անգամ արտոնություն կուզեմ Սուրբ Խաչի համար, ասեցին՝ լավ, Աթեշյան։ Ասեցի՝ խաչ պիտի դրվի, համաձայնվեցին»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում Էրդողանին նամակ գրելն ու Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ափսոսալը՝ Աթեշյանն ասել է, որ դա բխում էր պոլսահայ համայնքի շահերից։ «Այդպես են արել իմ նախորդները՝ նախորդ պատրիարքները: Ես ինքնագլուխ ոչինչ չեմ արել: Նամակն էլ մի քանի հոգով ենք գրել»,- ասել է Աթեշյանը: Աթեշյանը միևնույն ժամանակ խուսափել է հստակ պատասխանել թե արդյոք եղե՞լ է ցեղասպանություն։

Աթեշյանը նաև հավելել է, որ պոլսահայ համայնքը 3 թևի է բաժանված՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի, Սահակ եպիսկոպոս Մաշալյանի, Աթեշյանի կողմնակիցների։ Իսկ թե երբ կլինեն պատրիարքի ընտրությունները՝ դժվարացավ պատասխանել. «Պետք է հնազանդ լինել պետությանը, այս դեպքում` Թուրքիայի կառավարությանը: Թուրքիո իշխանությունն ասում է՝ չեք կարող առանց իմ համաձայնության փոխանորդ լինել: Բեկչյանը պետք է հեռանա: Նոր ընտրություններ պետք է լինեն և ընտրվի նոր պատրիարք»,- ասել է Աթեշյանը:

Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---