
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպելու է աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի դեմ բողոքի ցույցի մասնակիցների հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:
Նախարարը քննարկելու է «Աջ ղեկ» նախաձեռնության համակագողների առաջարկությունները խնդրահարույց օրենսդրական նախագծի վերաբերյալ:
Դեկտեմբերի 22-ին աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնությունը ավտոերթ է կազմակերպել, որն այս պահին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից շարժվում է դեպի նախարարության շենք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնություն է ստեղծվել, որը պահանջում է վերացնել նախագծով առաջարկվող աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերահաշվառման արգելքը: Դրա ամրագրման դեպքում մեքենաների սեփականատերերը կզրկվեն դրանց առուվաճառքի հնարավորությունից, եթե չունենան ոստիկանության համապատասախան թույլտվությունը:
Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանում էր տարածել, համաձայն որի նախագիծը առաջարկում է թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: «Սրանից բխում է, որ մինչև 2018-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները»,-ասված էր հայտարարության մեջ: