25 դեկտեմբերի 2017 - 10:58 AMT
«Բորուսիայի» տնօրեն․ Մխիթարյանի վերադարձը երևակայությունների ժանրից է

«Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոախիմ Վացկեն հերքել է Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ նախկին ակումբ վերադառնալու հնարավորությունը։

«Ես բոլորից լավ գիտեմ նրա տրանսֆերի մանրամասները։ Նրա վերադարձը կարելի է պատկերացնել միայն շատ վառ երևակայություն ունենալու դեպքում», - ասել է նա Bild am Sonntag-ին։

Ըստ շրջանառվող լուրերի, Մխիթարյանը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր» վարձավճարի հիմունքներով։ Իտալական ակումբն ունի հայ կիսապաշտպանի տրանսֆերը գնելու ցանկություն, սակայն չի կարող անել դա՝ ֆինանսական «ֆեյր-փլեյի» կանոններից ելնելով։ Ակումբը չի կարող դուրս գալ ՈՒԵՖԱ հաստատած ծախսերի նորմատիվից:

Համաձայն ՈՒԵՖԱ կանոնակարգի, 2015/2016, 2016/17 և 2017/18 շրջաններում եվրոպականակումբների ծախսերը չեն կարող գերազանցել եկամուտներն ավելի քան 5 մլն եվրոյով, իսկ նրանց կուտակված պարտքը չպիտի գերազանցի 30 մլն եվրոյի շեմը։

Ըստ Transfermarkt-ի, Մխիթարյանը գնահատվում է 35 մլն եվրո։