26 դեկտեմբերի 2017 - 11:25 AMT
Մխիթարյան. Երկրպագուներս իմ մոտիվացիան են

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին «ջերմագույն աջակցության» համար՝ անդրադառնալով «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվերակության արդյունքներին:

«Իմ երկրպագուներն իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ` հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար», գրել է ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում:

«Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: Կշարունակեմ անել ամեն ինչ` հասնելու նորանոր հաջողությունների` ի ուրախություն իմ ազգի», ասվում է գրառման մեջ:

Դեկտեմբերի 25-ին քաղաքացիների SMS քվեարկության և հավատարմագրված մարզական լրագրողների կարծիքների վերլուծության արդյունքում ընտրվել են 2017 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկները:Լավագույնների թվում են Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լևոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանը և Տիգրան Կիրակոսյանը:

Համաձայն նոր կանոնակարգի՝ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում դասակարգում չկա, բոլորը հաղթող են: