29 փետրվարի 2008 - 16:10 AMT
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում ներքաղաքական իրադրության զարգացման չորս սցենար կա
Հայաստանի նախագահական ընտրությունները կայացել են, արդյունքները հրապարակված են, միջազգային դիտորդները դրական գնահատականներ են տվել: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, հայ իշխանությունները իրենք էին նախաձեռնել միջազգային դիտորդների հրավերը: «Մինչեւ ընտրությունները մենք մի շարք ուղղումներ կատարեցինք ՀՀ Ընտրական օրենսգրքում, որոնք անհրաժեշտ էին: Ես պետք է ընդգծեմ, որ աշխարհում չեն լինում ընտրություններ առանց խախտումների: Ամբողջ գործը նրանում է, որպեսզի դրանք համակարգված բնույթ չկրեին»,- ասել է Քոչարյանը: Նշելով, որ առաջիկա 2-3 օրերին վերջնականապես կձեւավորվի իշխանությունների եւ ընդդիմության համագործակցությունը, նա ասել է, որ իհարկե, կան նաեւ նրանք, ովքեր դժգոհ են ընտրությունների արդյունքներից: «Համենայն դեպս, մեկ դժգոհ, ով պայքարում է երկու ուղղությամբ. իրավական ճանապարհով` դիմում է Սահմանադրական դատարան, եւ ոչ իրավական` չարտոնված հանրահավաքներ է կազմակերպում: Մենք կանխատեսել էինք իրադարձությունների նման ընթացք, դա արդեն դարձել է հայկական ավանդույթ, ես եւս անցել եմ այդ ճանապարհը 1998 եւ 2003 թվականներին»,- նշել է Հայաստանի նախագահը: Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ երկրի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկությունից 2 շաբաթ առաջ արդեն հայտարարել էր իր հաղթանակի մասին եւ հասկանում է, որ նահանջի ճանապարհ չկա: «Այդ մարդը չի կարող ետ կանգնել: Միեւնույն ժամանակ, ես կանխատեսում եմ ներքաղաքական իրադրության զարգացման չորս սցենար: Առաջին. հանրահավաքները ակտիվորեն շարունակվում են, քանի որ կարծիք կա, որ եթե ժողովրդին երկար պահել Ազատության հրապարակում, ապա իշխանությունների համար ավելի բարդ կլինի նրանց դեմն առնել: Դա փակուղի է, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն է իրեն այդտեղ բերել: Երկրորդ սցենար. գնալ 1996 թվականին փորձած ուղիով, այսինքն գրավել պետական հաստատությունները: Սակայն իրավապահ մարմինները դա թույլ չեն տա: Այս դեպքում շատ կալանքներ կլինեն եւ բանտում նստածները մտածելու են իրենց ապագայի մասին եւ այն մասին, թե ինչ արեցին: Սակայն դա վատագույն սցենարն է: Երրորդ. շնորհակալություն հայտնել ժողովրդին, ուղարկել նրանց տուն եւ պատրաստվել հաջորդ ընտրություններին: Քաղաքական պայքարը հարյուր մետրի վազքի մրցույթ չէ, այլ երկար ճանապարհ: Եւ վերջապես չորրորդ ճանապարհը. բոլորին շնորհակալություն հայտնել, շնորհավորել նոր նախագահին եւ գնալ տներով: Իշխանությունները պատրաստ են իրադրության ցանկացած զարգացման»,- ասել է Քոչարյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները ստեղծված իրադրությունից դուրս գալու երկու ուղի ունեն: Առաջինը` համբերատար սպասել, մինչեւ ամեն ինչ կավարտվի: Այսօր արդեն 1988 թվականը չէ, երբ խորհրդային կայսրությունը իր հոգեվարքն էր ապրում եւ հանրահավաքները բերում էին ցանկալի արդյունքի: Երկրորդ ուղին` Ազատության հրապարակը մաքրելու ոստիկանական միջոցներ, որպեսզի ժողովրդին նորմալ ապրելու հնարավորություն տանք, սակայն մենք չենք մոռանում, որ հրապարակում հավաքվածները եւս հայեր են»,- ընդգծել է Քոչարյանը, հավելելով, թե զարմացած է, որ հանրահավաքին հավաքվածներին կերակրում են: «Սովորաբար ՀՀՇ-ն նման բաներ չէր անում: Իսկ ընդհանրապես հանրահավաքներին հնչող ելույթները հոգեբանության ֆակուլտետի ուսանողների համար ուսումնասիրության հոյակապ նյութ կարող են դառնալ»,- նկատել է Հայաստանի նախագահը: