29 փետրվարի 2008 - 18:36 AMT
Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, Թուրքմենստանում, Կանադայում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
Սումգայիթի ջարդերի 20-րդ տարելիցը, որոնց ժամանակ պաշտոնական տվյալներով զոհվել է 32 մարդ, նշել են ոչ միայն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, այլեւ հանրապետությունից դուրս, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Հնդկաստանում փետրվարի 23-ին Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում տեղի է ունեցել հուշ-երեկո` նվիրված սումգայիթյան ողբերգության 20-րդ տարելիցին: Միջոցառման սկզբին հնդկահայոց հոգեւոր հովիվ, ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը մատուցել է հոգեհանգստյան պաշտոն` ի հիշատակ Սումգայիթում զոհված անմեղ նահատակների: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, որը հավաքվածների ուշադրությանն է ներկայացրել 1988թ. փետրվարին Սումգայիթում եւ Ադրբեջանի մյուս շրջաններում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկական զտումների, կազմակերպված զանգվածային ջարդերի, տեղահանումների եւ ոճրագործությունների փաստերը` անդրադառնալով այդ ողբերգական իրադարձությունների միջազգային արձագանքներին: Այնուհետեւ ելույթ է ունեցել Դելիի Ջավահարլալ Ներուի անվան Համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ծրագրի տնօրեն Աջայ Պատնաիկը: Իր ելույթում պրոֆեսոր Պատնաիկն անդրադարձել է Սումգայիթի ոճրագործության մանրամասներին, հայոց պատմության ողբերգական էջերին` մասնավորապես անդրադարձ կատարելով եւ զուգահեռներ անցկացնելով 1915-18թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության հանդեպ իրականացված ոճրագործություններին: Բանախոսն անդրադարձել է նաեւ հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին: Նա նշել է կալկաթահայության մեծ դերն ու ավանդը Արեւմտյան Բենգալիայի մշակույթի, տնտեսության եւ այլ բնագավառներում, նրանց ուրույն տեղը Հնդկաստանի պատմության մեջ: Միջոցառման պաշտոնական մասը եզրափակվել է հնդկահայոց հոգեւոր հովիվ, ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանի խոսքով:

Երեկոյի մշակութային մասում համերգային ծրագրով հանդես է եկել ճեմարանի երգչախումբը հայրենասիրական կատարումներով` երգչախմբի ղեկավար Վաչագան Թադեւոսյան:

Հիշատակի երեկոյին ներկա էին դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Կալկաթայի եկեղեցական վարչության անդամներ, հնդկահայ համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, ճեմարանի ուսուցիչներն ու սաները:

Թուրքմենստան: Սումգայիթյան ողբերգության 20-ամյա տարելիցի կապակցությամբ փետրվարի 24-ին Թուրքմենստանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է ոգեկոչման երեկո` տեղի հայ համայնքի ներկայացուցիչների , կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ:

Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի 20-ամյա տարելիցի առիթով փետրվարի 28-ին Բելառուսում Հայաստանի դեսպանության աշխատակիցները եւ բելառուսահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ ծաղիկներ են դրել Մինսկի Սբ. Ալեքսանդ Նեւսկու եկեղեցու բակում տեղակայված խաչքարին` ի հիշատակ անմեղ զոհերի:

ՀՀ դեսպանը ելույթում դատապարտել է Սումգայիթյան ոճրագործությունը եւ դրան արժանի գնահատական տալուց խուսափելու նախկին ԽՍՀՄ ղեկավարության անսկզբունք եւ անհեռատես քաղաքականությունը, որը խթան է հանդիսացել ղարաբաղյան խնդրի ռազմականացման եւ տարածաշրջանի ապակայունացման համար:

Անդրադառնալով Խոջալույի իրադարձությունների շուրջ վերջին օրերի շահարկումներին ՀՀ դեսպանը նշել է, որ քաջատեղյակ լինելով 1992թ. փետրվարին այնտեղ կատարվածի` խիստ անբարո է համարում իրականությունը խեղաթյուրելու Ադրբեջանի շարունակվող քարոզչությունը:

ՀՀ դեսպանությունը, Սումգայիթյան ողբերգության 20-ամյա տարելիցի առիթով, մամլո տեղեկատվություն է հղել Բելառուսում հավատարամագրված դիվանագիտական առաքելություններին եւ երկրի արտգործնախարարությանը:

Կանադայում փետրվարի 22-ին Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Սումգայիթի հայկական ջարդերի 20-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո: Միջոցառմանը ներկա են եղել կանադական պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների, Օտտավայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, նաեւ Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչները: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սումգայիթյան զոհերի հիշատակը, ապա Սումգայիթի տարելիցի խորհրդին նվիրված խոսքով հանդես է եկել Կանադայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաեւ Կանադայի Արքայական ռազմական քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր Ալան Ուայթհոռի` Հայաստանին եւ Մեծ Եղեռնին նվիրված «Նախնիների ձայներ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքում գրքի վաճառքից գոյացած ամբողջ գումարը հեղինակը փոխանցել է Կանադայի «Զորյան» հաստատությանը:

Մեծ Բրիտանիայում փետրվարի 27-ին ՄԹ խորհրդարանի Լորդերի պալատում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանության կողմից, Բրիտանահայկական բազմակուսակցական խորհրդարանական խմբի (BAAPPG) եւ մի շարք հայկական կազմակերպությունների աջակցությամբ կազմակերպված Սումգայիթյան ողբերգության 20-ամյա տարելիցին նվիրված` «Սումգայիթյան ջարդերի 20 տարին. անհանդուրժողականությունը եւ բռնությունը որպես պետական քաղաքականություն» խորագրով միջոցառում:

Ելույթներով հանդես են եկել Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, բարոնուհի Ք. Քոքսը, պատմաբան, Հայաստանի եւ հայերի մասին աշխատությունների հեղինակ Քրիստոֆեր Ուոքերը, Լոնդոնի համալսարանի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի փորձագետ Ալի Գուրանմայեն:

Դեսպան Գաբրիելյանն իր ելույթում հիմնավորել է սումգայիթյան ջարդերը պետական մակարդակով կազմակերպված լինելը, ներկայացրել դրանք ինչպես ադրբեջանական, այնպես էլ խորհրդային միութենական իշխանությունների կողմից պատշաճ կերպով չդատապարտելու եւ այլ լույսով ներկայացնելու փաստերը: Դեսպանը նշեց ադրբեջանական հասարակությունում առկա անհանդուրժողականության եւ հայերի հանդեպ ատելություն սերմանելու ադրբեջանական իշխանությունների քաղաքականության մասին, անդրադարձավ Ադրբեջանի կողմից պատմությունը շարունակաբար խեղաթյուրելու, Նախիջեւանում հայկական մշակութային կոթողները ոչնչացնելու փաստերին, ինչպես նաեւ հայ մշակութային ժառանգության յուրացման ադրբեջանական փորձերին:
Դեսպան Գաբրիելյանը ուշադրություն է հրավիրել հատկապես այն փաստի վրա, որ Սումգայիթով ոչ միայն փոխվեց ղարաբաղյան հակամարտության բնույթը եւ ղարաբաղյան հարցը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցից վերաճեց ձգձգված եւ արյունալի հակամարտության, այլեւ այն բանին, որ այս դեպքերով Խորհրդային Միությունում եւ հետխորհրդային տարածքում սկիզբ է դրվել բռնության կիրառմանն ու զինված հակամարտությունների, որոնց մեծ մասը մինչ այսօր լուծում չի ստացել:

Ելույթներին հաջորդած հարց ու պատասխանի եւ քննարկման ժամանակ հանդես է եկել նաեւ ՄԹ համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը: Վերջինս խոսեց 2007թ. ամռանը ԼՂ կատարած իր այցելության ընթացքում ստացած դրական տպավորությունների մասին` նշելով ԼՂ իշխանությունների կողմից, ի տարբերություն ադրբեջանական իշխանությունների, փախստականներին բնակարաններով ապահովելուն ուղղված կոնկրետ միջոցառումների մասին:

Հանդիպմանը ներկա էին բրիտանական խորհրդարանի երկու պալատների անդամներ, ՄԹ արտաքին գործերի գերատեսչության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բրիտանահայ համայնքի անդամներ: