29 փետրվարի 2008 - 19:31 AMT
Հայկական ատոմակայանն աշխատելու է մինչեւ 2014 թվականը
Մինչեւ Մեծամորի Հայկական ատոմակայանը (ՀԱԷԿ) չսպառի իր պաշարը, այն չի փակվի: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա հիշեցրել է, որ դեռեւս 1993-1994 թվականներին համաձայնագիր էր կնքվել «Իտերա» ընկերության հետ այն մասին, որ ՀԱԷԿ-ը կփակվի այն դեպքում, եթե շահագործման հանձնվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: Սակայան, հավելել է Ռոբերտ Քոչարյանը, համաձայնագիրը չի իրականացվել: Մեծամորի կայանը աշխատելու է մինչեւ 2012-2014 թվականները:

Պետության ղեկավարի խոսքերով, Հայաստանն արդեն տեղյակ է պահել եվրոպական կառույցներին այն մասին, որ փակելու է ՀԱԷԿ-ը այն դեպքում, երբ ստեղծվի նույն հզորությամբ կայան: «Նոր կայանը պետք է նույն հզորությունն ունենա, որը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի գնաճի: Դա հատկապես կարեւոր է, քանի որ նավթի գները աճում են, իսկ նոր կայանը կլինի էներգիայի անփոխարինելի աղբյուր հանրապետության համար»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: