Լիբանանյան գործարարների այցից հետո նոր ներդրումներ են սպասվում

Լիբանանյան գործարարների այցից հետո նոր ներդրումներ են սպասվում

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունն ամփոփել է լիբանանյան գործարար առաքելության արդյունքներն, ըստ որոնց, նոր ներդրումների և Հայաստանում արտադրություններ հիմնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Այցը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերի 12-15-ը։

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը և MALIA Group ընկերությունը հաջող բանակցություններից հետո արդեն փաստաթուղթ են ստորագրել։ Լիբանանյան ընկերությունը որոշել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող ստարտափերին ծրագրային ապահովման, տեխնոլոգիական լուծումների պատվերներ տալ և վստահել առկա լուծումների սպասարկումը։

Մի քանի այլ պայմանավորվածություններ բանակցությունների կամ քննարկումների փուլում են։ Tony’s food ընկերությունը նպատակադրվել է սննդի կիսաֆաբրիկատների համատեղ արտադրություն հիմնել Հայաստանում՝ ռուսական շուկա արտահանելու նպատակով։ Meptico ընկերությունը քաղցրավենիքի և խմորեղենի արտադրության համար նախատեսված սննդային հավելումների, փոշիների արտադրություն հիմնելու ծրագիր է կազմել՝ նույնպես ռուսական շուկա արտահանելու նպատակով։

Քննարկումների փուլում է Mike sports ընկերության՝ Հայաստանում սպորտային հագուստի և պարագաների արտադրություն սկսելու ծրագիրը։ Management and Development International Company-ն նպատակ ունի ներդրումներ կատարել ՀԶՀ-ի մշակած նախագծերում։

Արտաշատում լիբանանյան Bycop home textiles ընկերությունն արդեն հիմնում է տեքստիլի արտադրություն (բիզնես ծրագիրն այցի հետ կապված չէ), որի ընթացքում ՀԶՀ թիմը խոստացել է աջակցել հետսպասարկման իր ամբողջ գործիքակազմով, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---