10 հունվարի 2018 - 10:22 AMT
Երևանի մանկապարտեզների աշխատողները առողջապահական ապահովագրություն կստանան

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցները կօգտվեն առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից:

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` 2018 թվականի հունվարի 1-ից, ի թիվս համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների, համայնքային ենթակայության մանկապարտեզների 4700 աշխատակից ևս կօգտվի առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից:

Քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու գործընթացի շրջանակներում համայնքային շախմատի դպրոցների մոտ 170 աշխատակիցներ ևս հունվարի 1-ից հնարավորություն ունեն օգտվելու վերոնշյալ փաթեթով նախատեսված ծառայություններից, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

2017-ի հոկտեմբերի 1-ից գործում է սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նոր կարգը: Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց հատուցումն իրականացվում է անմիջապես բժշկական կազմակերպությանը համապատասխան գումարներ վճարելու միջոցով: Ապահովագրության պայմանագրով շահառուին ցուցաբերվող բժշկական օգնության գծով տարեկան ընդհանուր կարող է առավելագույնը վճարվել 10 մլն ՀՀ դրամ: