1 մարտի 2008 - 18:01 AMT
Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հանրահավաքի մասնակիցները բարիկադներ են կառուցում
Հայ ընդդիմության բողոքի ցույցի մասնակիցները սկսել են բարիկադներ կառուցել Երեւանի կենտրոնում` Ֆրանսիայի դեսպանատան շենքի մոտ: Առավոտյան ժամը 6.20-ին ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի ուժերով ցրվեցին Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, որոնք արդեն 10 օր է, ինչ խաղաղ ակցիաներ էին անցկացնում Ազատության հրապարակում` պահանջելով կրկնական նախագահական ընտրություններ անցկացնել: Դրանից հետո ժամը 11-ից ի վեր Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ: «Իմպիչմենտ» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ն.Փաշինյանը կոչ է արել բարիկադներ կառուցել դեսպանատան շենքի շուրջ: «Դա հարմար տեղ է, քանի որ այստեղ են գտնվում Ֆրանսիայի եւ Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունները, որտեղ իշխանությունները չեն համարձակվի կոպիտ ուժ եւ բռնություն կիրառել»,-ասել է Փաշինյանը: Նա առաջարկել է ստեղծել պաշտպանական դիրքեր, որպեսզի ռազմական տեխնիկան, զրահամեքենան եւ ջրցան մեքենաները չկարողանան մոտենալ մարդկանց: Փաշինյանը կոչ է արել ժողովրդին բարիկադներ կառուցել այն ամենից, ինչ կա ձեռքի տակ` աղբարկղերից, այգու նստարաններից: Այժմ ընդդիմության կողմնակիցները քանդում են Ֆրանսիայի դեսպանատան առջեւի նորակառույցը, դուրս հանելով այնտեղից խողովակներ եւ շինանյութ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են ժողովրդին վերադարձնել ընդդիմության առաջնորդին` նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին, որը ներկայումս մնում է իր առանձնատանը, որը շրջապատված է իրավապահ մարմինների աշխատակիցներով: Թեեւ նա պաշտոնապես տնային կալանքի տակ չէ, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս նրան լքել առանձնատունը: