15 հունվարի 2018 - 16:39 AMT
Մանկական սնունդ արտադրող Lactalis-ը հետ է կանչել արտադրանքը. ՀՀ-ում վերջին խմբաքանակը կասեցվել էր տարիներ առաջ

Մանկական սնունդ արտադրող ֆրանսիական Lactalis ընկերությունն ավելի քան 12 մլն տոննա արտադրանք է հետ կանչել 83 երկրից՝ սալմոնելլայով գրնացված վարակի 30 դեպքից հետո: Ֆրանսիական Journal du Dimanche-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Էմանուել Բենյեն:

Հայաստանում ընկերության մանկական սննդի ճյուղը նույնպես ներկայացված է: PanARMENIAN.Net ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը հայտնեց, սակայն, որ սահմանային պետական վերահսկողության արդյունքում արդեն մի քանի տարի է՝ ընկերության արտադրանքը Հայաստան չի մտել:

2017 թվականի դեկտեմբերին Lactalis-ը Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում մի քանի անգամ հայտարարել էր կաթնային արտադրանքի հետկանչի մասին՝ առևտրային ցանցերին և բուժհաստատություններին կոչ անելով դադարեցնել 2017 թվականի փետրվարի 15-ից Ֆրանսիայի Կրաոն համայնքում տեղակայված արտադրամասում արտադրվող մանկական սննդի վաճառքը: