Մարզերի աշակերտները կշարունակեն սնունդ ստանալ դպրոցում

Մարզերի աշակերտները կշարունակեն սնունդ ստանալ դպրոցում

PanARMENIAN.Net - Հայաստանի մարզերի կրտսեր դասարանների աշակերտները կշարունակեն սնունդ ստանալ դպրոցում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Կարլո Սկարամելլային, քաղաքականության և ծրագրերի վարչության ղեկավար Դեվիդ Ռիկեմբախին, հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային:

Նախարարը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը, մասնավորապես, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակումը:

Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՊՀԾ-ին՚ տարիներ շարունակ ՀՀ դպրոցներին տրամադրվող աջակցության համար: Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև կրթադաստիարակչական լուրջ բաղադրիչ: Լևոն Մկրտչյանը կարևորել է Պարենի համաշխարհային ծրագրի հարուստ փորձի տեղայնացումը Հայաստանում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել մեր երկրի արդյունավետ փորձը փոխանցել ծրագրով հետաքրքրված այլ երկրների: Նախարարը հույս է հայտնել, որ ՊՀԾ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական՚ մեկ անգամ ևս ընդգծելով ծրագրի աշխատանքի բարձր չափանիշները:

Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները, իրենց հերթին կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ընդգծել են, որ ակնկալում են երկարատև և բեղմնավոր համագործակցություն: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են 2019-23 թթ. Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև համաձայնեցված ռազմավարական ծրագրի ընդունման անհրաժեշտությանը, ինչպես նաև կարևորել ծրագրի հետևողական շարունակականությունը՚ մինչև ՀՀ բոլոր մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի փոխանցումը ՀՀ կառավարությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համագործակցության զարգացմանը:

Ներկայում ՀՀ տասը մարզի նախակրթարանների և կրտսեր դասարանների մոտ 90.000 երեխա ստանում է դպրոցական սնունդ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների աշակերտները: Միջազգային գործընկերներն առավել արդյունավետ են համարում տաք սննդի մատուցումը, որն իր մեջ պարունակում է տվյալ տարիքի երեխաների համար նախատեսված կալորիականության անհրաժեշտ չափաբաժին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---