3 մարտի 2008 - 17:30 AMT
Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարն երկխոսության կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին
Եվրոպայի Խորհուրդը մտահոգված է Երեւանում կատարված վերջին իրադարձություններով եւ արտակարգ դրության հայտարարմամբ: Այդ մասին ասվում է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարության մեջ: Նրա կարծիքով, հետաքննությունը պետք է կենտրոնանա հանցագործությունների կատարման մեջ մեղավորների որոնման վրա, եւ չպետք է օգտագործվի քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար:

«Ես ցնցված եմ նրանով, որ առնվազն 8 հոգի սպանվել է, եւ կոչ եմ անում իշխանություններին հետաքննել մահվան բոլոր դեպքերը, ինչպես նաեւ չափազանցված ուժ կիրառելու մեղադրանքները: Ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պետք է ձեռնարկեն հնարավորը հետագա բռնությունները կասեցնելու համար: Հուսով եմ, որ արտակարգ դրությունը չեղյալ կհայտարարվի ամենամոտ ապագայում: Միեւնույն ժամանակ, ես կոչ եմ անում իշխանություններին վերանայել սահմանափակումների հիմնավորումը, հատկապես այն մասով, որ վերաբերում են զանգվածային լրատվամիջոցներին, քաղաքական կուսակցություններին եւ ոչ կառավարական կազմակերպություններին: Այդ սահմանափակումները խոչընդոտում են երկխոսության հաստատմանը, որը քաղաքական կարգավորմանն հասնելու միակ միջոցն է ստեղծված իրավիճակում»,-ասվում է ուղերձում:

Միեւնույն ժամանակ Թերի Դեւիսը նշում է, որ արտակարգ դրությունը կասեցնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որոշ իրավունքների եւ ազատությունների գործողությունը: «Ըստ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի, Հայաստանի կառավարությունը պետք է հաղորդի ինձ ձեռնարկված միջոցների մասին եւ հիմնավորի դրանք: Հուսով եմ, որ դա կարվի առաջիկայում»,-ասել է նա, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը: