3 մարտի 2008 - 18:17 AMT
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւին: Ուղերձում ասված է.«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների դաշնակցային գործընկերությունը եւ բոլոր ուղղություններով հաստատված ռազմավարական համագործակցությունը:

Համոզված եմ, որ մեր երկրները եւ ժողովուրդները հետագայում եւս կամրացնեն բարեկամական կապերը, գործընկերությունը եւ կընդլայնեն փոխշահավետ համագործակցությունը:

Ցանկանում եմ գոհունակությամբ նշել Ձեր անձնական մեծ ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաեւ վստահություն հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի բարձր պաշտոնում Դուք կնպաստեք դրանց խորացմանը եւ ընդլայնմանը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն եւ հաջողություններ աշխատանքում` ի շահ եղբայրական Ռուսաստանի»,-ասվում է Ռ.Քոչարյանի նամակում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: