3 մարտի 2008 - 18:24 AMT
Ամերիկացի դիվանագետները հուսով են, որ ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում շուտով կհանգուցալուծվի
Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Դենիել Ֆրիդի եւ նրա օգնական` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:

Ինչպես պարոն Ֆրիդը, այնպես էլ պարոն Բրայզան հույս են հայտնել, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կհանգուցալուծվի քաղաքական երկխոսության եւ բռնություններից խուսափելու ճանապարհով: Ֆրիդն ու Բրայզան նաեւ հույս են հայտնել, որ Հայաստանի իշխանություններին կհաջողվի արագորեն վերականգնել երկրի կայունությունն ու հասարակական կարգը:

Վարչապետ Սերժ Սարգսյանը վստահեցրել է զրուցակիցներին, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի բռնություններից խուսափելու եւ հասարակական կարգն ու կայունությունը վերականգնելու ուղղությամբ: Վարչապետը նաեւ շնորհակալություն է հայտնել ամերիկյան գործընկերներին` զորակցության համար:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Երեւանում հաստատվել է արտակարգ դրություն 20 օր ժամկետով: