3 մարտի 2008 - 20:02 AMT
Հայաստանի նախագահ. Երեւանում տեղի ունեցածը ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքականության հետ, դա պարզապես քրեական հանցագործություն է
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող հետընտրական գործընթացները, մասնավորապես ընդդիմության հրահրած անկարգությունների հետեւանքով մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը եւ դրա հանգուցալուծման հնարավոր ուղիները: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իշխանությունների մեծ ցանկությունն է, որ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի եւ վերադառնա բնականոն հուն: Ըստ երկրի ղեկավարի այն, ինչ կատարվեց քաղաքականության հետ որեւէ առնչություն չունի, ուղղակի քրեական հանցագործություն է, որը պետք է մանրակրկիտ քննվի եւ բոլոր մեղավորները պատասխանատվություն պետք է կրեն օրենքի առջեւ: Կարեւորելով կատարվածի օբյետիվ եւ համակողմանի քննությունը, Փիթեր Սեմնեբին հույս է հայտնել, որ կարվի հնարավոր ամեն ինչ առկա լարվածությունը թուլացնելու համար:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 1-ի առավոտյան, Հայաստանի Ոստիկանությունը ցրել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման կողմակիցների հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում: Նույն օրվա ցերեկը հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ` Երեւանի քաղաքապետարանի մերձակայքում, որտեղ շարունակել են բողոքի ցույցը, ինչը բերել է զանգվածայաին անկարգությունների, որոնք ուղեկցվել են ոստիկանության եւ ՕՄՕՆ-ի հետ բախումներով ու թալանով:

Մարտի 1-ի երեկոյան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել 20-օրյա ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: