4 մարտի 2008 - 17:57 AMT
Երեւանում անկարգությունները դադարեցնելու համար Ոստիկանության աշխատակիցները զենք չեն կիրառել
Երեւանում մարտի 1-ին անցած անկարգությունները դադարեցնելու համար Ոստիկանության աշխատակիցները զենք չեն կիրառել: Անկարգության մասնակիցների անօրինական գործողությունների դեմ Երեւանի ոստիկանությունը օգտագործել է միայն ռետինե մահակներ եւ վահաններ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ոստիկանության ղեկավարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: «Ի սկզբանե հանրապետության իշխանությունները չէին պատրաստվում ուժային միջոցներ ձեռնարկել եւ ցանկանում էին հարցը խաղաղ ճանապարհով կարգավորել: Սակայն այլ ելք պարզապես չկար, քանի որ իրավիճակը լիովին դուրս էր եկել վերահսկողությունից»,- հայտարարել է Արարատ Մահտեսյանը: Նրա խոսքերով, փետրվարի 29-ին օպերատիվ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Ազատության հրապարակում զենք է բաժանվում: «Մարտի 1-ի վաղ առավոտյան Ոստիկանության ստորաբաժանումները ուղվել են Ազատության հրապարակ, որպեսզի զննություն անցկացնեն եւ առգրավեն զենքը: Սակայն հանրահավաքի մասնակիցները ոստիկաններին ագրեսիվ գործողություններով են դիմավորել, եւ ոստիկանության աշխատակիցներն այլ ելք չունեին, բացի ուժի կիրառումից»,- նշել է Ոստիկանության պետի տեղակալը: Արարատ Մահտեսյանը նաեւ հայտարարել է, որ այն բանից հետո, երբ բողոքի ցույցի մասնակիցները շարժվել են դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, ոստիկանության աշխատակիցները բանակցել են ընդդիմության ղեկավարների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի հետ, որպեսզի ցույցը շարժվի դեպի Մատենադարան, սակայն որոշ ժամանակ անց ցուցարարները ընդդիմության ղեկավարներից մնալու հրաման են ստացել: «Նիկոլ Փաշինյանի հրահանգով, անօրինական հանրահավաքի մասնակիցները բախման մեջ են մտել ոստիկանության ուժերի հետ եւ օգտագործել են հրազեն, ինչի արդյունքում ոստիկանության աշխատակիցները վիրավորվել են»,- նկատել է Արարատ Մահտեսյանը: