24 հունվարի 2018 - 14:00 AMT
Լևոն Մնացականյան. Դիրքապահների համար առավել անվտանգ պայմաններ են ստեղծվել

2017-ին դիրքապահների համար առավել անվտանգ ծառայության պայմաններ են ստեղծվել: Այդ մաիսն հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը 2017թ. բանակային տարվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին:

Ասուլիսի մեկնարին բանակի հրամանատարը հանդես է եկել ներածական խոսքով՝ սկզբում ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունները, մասնավորապես կանգ առնելով փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ՊԲ արևելյան և հարավարևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձերի վրա, ինչի արդյունքում հակառակորդը չեզոք գոտում թողնելով 5 հատուկ ջոկատայինի դիակ և տարհանելով 3 վիրավոր, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Այնուհետև Մնացականյանն անդրադարձել է հակառակորդի անցկացրած զորավարժություններին, առաջնագծում վերջինիս իրականացրած կահավորական աշխատանքներին ու զենքի և զինտեխնիկայի գնումներին: Ներկայացնելով 2017թ. պաշտպանության բանակում կատարված աշխատանքները՝ Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել և բանակը ձեռնարկել է համարժեք քայլեր, որոնք այսուհետ ևս թույլ կտան ապահովել մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը:

2017-ին բանակում կատարված աշխատանքներից Լևոն Մնացականյանն առանձնացրել է մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների պատրաստության մակարդակի բարձրացումը, զինվորական կարգապահության բարձրացման ուղղությամբ տարված աշխատանքները, հրետանային և ՀՕՊ համակարգերի կատարելագործումը, շտաբների փոխգործակցության և ներդաշնակման ուղղությամբ կատարված քայլերը, բանակում բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ տարված աշխատանքները, նորագույն տեխնոլոգիաների ներդնումը, նոր դիրքերի կահավորումը, դիտարկման համակարգերի կատարելագործումը, ճանապարհային ցանցի զարգացումը, տեխնիկական և թիկունքային ապահովության բարձրացման հարցերը:

Ամփոփելով տարին՝ բանակի հրամանատարը նշել է, որ պաշտպանության բանակին հաջողվել է պահպանել խաղաղությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ վստահեցնելով, որ ՊԲ-ը ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն և պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:

Հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մոտ ապագայում պատերազմի վերսկսման հավանականությանը, բանակի նյութատեխնիկական ապահովմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը,«Պատիվ ունեմ»և«Ես եմ»ծրագրերի ներդրմանը և այլն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին Ստեփանակերտում Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում, որը նվիրված էր 2017 թվականի արդյունքների ամփոփմանը և 2018 թվականի անելիքներին, հայտարարել էր, որ պետությունն ուշադրության կենտրոնում կպահի բանակաշինության ոլորտը: