26 հունվարի 2018 - 10:40 AMT
Նախարար. ՀՀ բարձրագույն կրթության կարևոր բարեփոխումներից կլինի բուհերի դասակարգումը

ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների կարևոր քայլերից մեկը բուհերի դասակարգումն է լինելու, որը նպաստելու է բուհերի կառավարման արդյունավետության և հաշվետվողականության բարձրացմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում՝ մասնակցելով աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցող փորձագիտական խմբի աշխատաժողովին:

Նախարարն ընդգծել է, որ բուհերի դասակարգումից հետո հաջորդ քայլը ներքին շարժունության հնարավորությունների ստեղծումն է ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի համար

: «Խնդիր է նաև գիտություն-բարձրագույն կրթություն կապը՝ կրեդիտային համակարգի ներդրման համատեքստում: Օրինակ, եթե ուսանողն ուսումնառության ընթացքում պետք է 240 կրեդիտ հավաքի, ապա պետք է հավասարակշռել՝ որքանը բուհերում, որքանը գիտական ինստիտուտներում: Կարևոր է նաև ֆինանսավորման և ուսման վարձավճարների գանձման արդյունավետ համակարգի ներդրումը: Այս բոլոր խնդիրների լուծման համար առաջարկներ մշակելու որոշակի ժամանակ և մասնագիտական վերապատրաստումներ են անհրաժեշտ»,- նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Քննարկմանը մասնակցող ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն իր խոսքում ընդգծել է, որ համաշխարհային զարգացման տեսլականում առաջնային է դիտվում մարդկային կապիտալի ծրագիրը. «Կրթության վրա ծախսվող գումարները ոչ թե ծախսեր, այլ ներդրումներ են դիտվում: Այսօր արդեն ակնհայտ է, որ գոյություն ունեցող աշխատատեղերի 65 տոկոսն ապագայում փոխվելու է, հետևաբար գլոբալ զարգացումները պայմանավորվելու են մարդկային կապիտալի զարգացմամբ»,-նշել է նա:

Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ Քրիստիան Թորնը ներկայացրել է բուհերի դասակարգման Դանիայի փորձի վրա մշակված մոդելը՝ շեշտելով հատկապես բուհերի հաշվետվողականության բարձրացումը` որպես կառավարման արդյունավետության հիմնական պայման:

Մշակված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարության կողմից ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը:

Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ փորձագետներին՝ մասնագիտական արդյունավետ աշխատանքի համար. «Օրենքի ընդունումից հետո մենք նոր, առավել արդյունավետ համակարգ ձևավորելու ակնկալիք ունենք և դրան հասնելու համար լուրջ աշխատանքներ պետք է կատարենք»:Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է եղել բարձրագույն կրթության բարեփոխման քաղաքականության մշակման այլ խնդիրների: