Իրաքցի երեխաների սրտի վիրահատությունները կարող են ՀՀ-ում անցկացվել

Իրաքցի երեխաների սրտի վիրահատությունները կարող են ՀՀ-ում անցկացվել

PanARMENIAN.Net - Իրաքցի երեխաների սրտի վիրահատությունները կարող են Հայաստանում անցկացվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, որը հունվարի 26-ին ընդունել էր ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիա Մ. Սալմանին։

ՀՀ և Իրաքի առողջապահության ոլորտի ղեկավարները վերջին տարիներին փոխայցելություններ են կատարել, համատեղ պլաններ մշակել։ Իսկ 2012 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

«Իրաքցի մեր գործընկերները հետաքրքրված էին ինչպես մասնագետների, այդ թվում՝ բուժքույրերի և բուժակների Հայաստանում վերապատրաստումով, այնպես էլ մեր երկրում իրաքցի երեխաների սրտի վիրահատությունների կազմակերպումով»,-նշել է Սերգեյ Խաչատրյանը։

Ալիա Մ. Սալմանն ասել է, որ Իրաքն այժմ ջանքեր է գործադրում երկրի վերակառուցման և բոլոր ոլորտներում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ։ Այս ենթատեքստում կարևորվում է համագործակցության խորացումն ու ընդլայնումը նաև առողջապահության ոլորտում։ Նա խնդրել է փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին ոլորտի հայաստանցի արտադրողներին և ներկրողներին փոխանցել իր երկրի կառավարության հորդորը Իրաքում հայտարարվող միջազգային մրցույթներին մասնակցելու վերաբերյալ։

«Մենք կարևորում ենք ոչ միայն իրաքցի մասնագետների վերապատրաստումը Հայաստանում, համատեղ մյուս ծրագրերը, այլև ոլորտի հայ արտադրողների և ներկրողների մասնակցությունը պատերազմից հետո առողջապահական համակարգի վերականգնման գործում»,-ընդգծել է Ալիա Մ. Սալման` ներկայացնելով առաջիկայում Բաղդադում և Քուվեյթում կայանալիք միջազգային ցուցահանդես-գիտաժողովները։

Սերգեյ Խաչատրյանը վստահեցրել է, որ հայ գործընկերներին կտեղեկացնի և կհորդորի մասնակցել այդ միջոցառումներին, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Երկուստեք կարևորվել է 2012 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման Հուշագրի գործողության ժամկետի երկարացումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---