ՀՀ-ում միջազգային ճանապարհային նշաններ կհայտնվեն

ՀՀ-ում միջազգային ճանապարհային նշաններ կհայտնվեն

PanARMENIAN.Net - Հայաստանը կանցնի միջազգայնորեն ընդունված ճանապարհային նշանների: Այդ մասին հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նա հավելել է, որ միանալով «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիային, Հայաստանը ստանձնում է մի շարք պարտավորություններ՝ ընդունել կոնվենցիայում նկարագրված ճանապարհային նշանների, ազդանշանների և պատկերանշանների, ինչպես նաև ճանապարհային գծանշումների համակարգը և այն ներդնել հնարավորինս կարճ ժամկետում, հայտնում է Panorama.am-ը:

Նրա տեղեկացմամբ, պարտավորություների շրջանակում է նաև ՀՀ տարածքում կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 4 տարի հետո փոխարինել կամ լրացնել ցանկացած նշան կամ գծանշում, որը կիրառվում է ոչ այն իմաստով, ինչ նախատեսված է կոնվենցիայով: Բացի այդ, ՀՀ տարածքում կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից 15 տարվա ընթացքում պետք է փոխարինել ցանկացած նշան կամ գծանշում, որը չի համապատասխանում կոնվենցիայով սահմանված համակարգին:

«Ինչպես նաև, պետք է միջոցներ ձեռնարկել՝ արգելելու այնպիսի ցուցատախտակների և ազդագրերի տեղադրումը, որոնք կարող են շեղել երթևեկության մասնակիցների ուշադրությունը: Ներկայումս «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիային կողմ է 65 պետություն: Վավերացնելով այն՝ Հայաստանը անցում կկատարի խորհրդային տարիներից ընդունված ճանապարհային նշանների համակարգից դեպի ավելի արդիական և միջազգայնորեն ընդունված համակարգ: Կոնվենցիան լրացուցիչ խթան կհանդիսանա ՀՀ ավտոմոբիլային ճանապարհները նշաններով և գծանշումներով առավել հագեցված դարձնելու համար»,- ասել է Գագիկ Գրիգորյանը:

Քննարկման վերջում քվեարկության դրվեց «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան վավերացնելուն դրական եզրակացություն տալու հարցը: 6 «կողմ» ձայնով որոշումն ընդունվեց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---