19 սեպտեմբերի 2002 - 19:16 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 57-ՐԴ ՆԻՍՏՈՒՄ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԲԱՔՎԻ ԻՄԻՋԻ ՎՐԱ
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւի մեղադրանքները, հնչած Հայաստանի հասցեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 57-րդ նիստում, բացասաբար են ընկալվել նիստի մասնակիցների կողմից: Ինչպես «Պրոմեթեւս» հեռուստակայանին է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, այդ օրերին, երբ աշխարհի բոլոր երկրների ուշադրությունը գամված էր իրաքյան հիմնահարցին, Գուլիեւի խոսքը բոլորովին անտեղի հնչեց: «Տվյալ հայտարարությունները բացսաբար անդրադարձան հենց Ադրբեջանի վրա, քանի որ նիստի բոլոր մասնակիցների համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը օգտագործում է ցանկացած միջոց իր նեղ քաղաքական հարցերը լուծելու համար»,-ասել է նա: «Որոշելով այս անգամ եւս օգտվել իրավիճակից, Ադրբեջանը մեղադրեց Հայաստանին այն բանում, որ նա, ինչպես եւ Իրաքը, չի կատարում ՄԱԿ-ի որոշումները»,- ասել է նախրարը: Հավանաբար, ադրբեջանական կողմը, նախարարի խոսքերով, մոռացել է, որ Հայաստանին ՄԱԿ-ի կողմից ոչ մի պահանջ կամ որոշում չի առաջադրվել: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Ադրբեջանը, ելնելով իր նեղ քաղաքական շահերից, նման զրպարտությունների էր դիմել նաեւ ԱՄՆ-ում անցյալ տարվա սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո` ջանալով ահաբեկչության համատեքստում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Օսկանյանի խոսքերով, երկրորդ անգամ նման քայլը արդեն չէր կարող որոշակի դժգոհություն չառաջացնել նիստի մասնակիցների մոտ: