2 փետրվարի 2018 - 15:29 AMT
11 ամսում ՀՀ-ի ու Ղազախստանի միջև 51,2%-ով ապրանքաշրջանառության աճ է եղել

2017 թվականի հունվար-նոյեմբերի ամիսներին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51,2%-ով: ՀՀ կառավարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ասել է Ալմաթիում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում:

Կարեն Կարապետյանը նաև գործընկերոջը տեղեկացրել է Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին՝ ընդգծելով, որ այդ, ինչպես նաև այլ արտոնյալ առևտրային ռեժիմների առկայությունը լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանի միջոցով այլ խոշոր շուկաներ մուտք գործելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հարցերին: