ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 3-րդ միջանկյալ վերահասհատել է Հայաստանի նախագահական ընտրությունների գնահատականը

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հրապարակվել է 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 3-րդ միջանկյալ զեկույցը: Այն վերահաստատում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից տրված գնահատականն առ այն, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները «հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորություններին եւ չափանիշներին համապատասխան»:



ՀՀ իշխանությունները արձանագրում են, որ հետընտրական զարգացումների միջանկյալ զեկույցում մատնանշված թերությունների մի մասն արդեն իսկ գտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում եւ համապատասխան քայլեր են ձեռնարկվել դրանց արձագանքելու ուղղությամբ` ընդհուպ մինչեւ ընտրախախտումների համար պատասխանատուներին քրեական պատասխանատվության ենթարկելը:



Միեւնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հակառակ Հայաստանի իշխանությունների բազմաթիվ պնդումներին, մինչ օրս չեն տրամադրվել այն տեղամասային 17 կենտրոններից 13-ի համարներն, որոնցում, ըստ զեկույցի, հաշվարկի գործընթացը գնահատվել է «վատ» կամ «շատ վատ», ինչը հնարավորություն կտար դրանց առումով համապատասխան ուսումնասիրություն անցկացնել:



Միջանկյալ զեկույցում կան նաեւ չստուգված տվյալների հիման վրա արված մեկնաբանություններ: Այսպես, զեկույցում տարակուսանք է հայտնվում 37/18, 37/29, 37/38 եւ 37/39 տեղամասերում արձանագրված մասնակցության աննախադեպ բարձր տոկոսի վերաբերյալ: Մինչեւ զեկույցի հրապարակումը հայկական կողմը պարզաբանել էր, որ այդ տեղամասերում քվեարկել են զորամիավորումներ, ինչը բնականաբար բարձրացնում է քվեարկողների թիվը եւ այն կարող է ոչ միայն մոտենալ նախապես գրանցված ընտրողների ցուցակի 100 տոկոսին, այլ նաեւ` գերազանցել այն:



ՀՀ իշխանությունները մանրամասնորեն կուսումնասիրեն Հետընտրական զարգացումների միջանկյալ զեկույցում բերված թերությունների, ներառյալ` անհամապատասխանությունների ու սխալների յուրաքանչյուր դրվագ եւ դրանց վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն կտրամադրեն, այդ թվում նաեւ ձեռնարկված իրավական քայլերի վերաբերյալ թե ՀՀ հանրությանը, եւ թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին` 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցն առավել անաչառ ու լիարժեք դարձնելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---