«Վաղ և ճշգրիտ». Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի արշավ է սկսվում

«Վաղ և ճշգրիտ». Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի արշավ է սկսվում

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկում է «Վաղ և ճշգրիտ» խորագիրը կրող արշավը, որի նպատակն է բարձրացնել հիվանդության մասին հանրային իրազեկվածության մակարդակը: Նախաձեռնությունը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությանն է:

Կազմակերպության նախագահ Նվարդ Քոչարյանի խոսքով, արշավի հիմքում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և ճգրիտ ախտորոշման գաղափարներն են:

«Հիվանդությունը մեծ տարածում ունի Հայաստանում, և ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղի 1200 նոր դեպք է գրանցվում: Դեպքերի մոտ 40%-ը հայտնաբերվում է վերջին՝ երրորդ, չորրորդ փուլերում», - ասաց Նվարդ Քոչարյանն ու հավելեց, որ հիվանդության վաղ հայտնաբերման առաջին պայմանը հայ հասարակության մեջ պարբերական ինքնահետազոտության մշակույթը տարածելն է:

«Գաղտնիք չէ, որ հիվանդությունը վաղ փուլերում հայնաբերելու դեպքում մեծանում են ապրելիության և ապաքինման շանսերը», - նկատեց Քոչարյանը:

Ըստ նրա, մեկ այլ խնդիր է հիվանդության ճշգրիտ ախտորոշումը: Քոչարյանը կարծում է, որ ոչ ճգրիտ ախտորոշման դեպքերը նույնպես քիչ չեն Հայաստանում:

Նա տեղեկացրեց նաև, որ արշավի շրջանակում այս տարի՝ 2018-ին, ինչպես և նախորդ տարի էր, մարզային այցելություններ են իրականացնելու: Դրանց ընթացքում մասնագետներն անվճար ուլտրաձայնային հետազոտություններ կկատարեն, կտրամադրեն մասնագիատական խորհրդատվություն:

«Այցելելու ենք նաև Արցախ: Նախորդ տարվա այցելությունների նկատմամբ հետքրքրությունից ելնելով, այս տարի բջջային հաղորդագրությունների միջոցով նախապես կտեղեկացնենք բնակիչներին», - ասաց Քոչարյանը:

Արշավի շրջանակում Երևանում հանրային իրազեկման մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ և համաժողովներ են անցկացվելու, ինչպես մասնագիտական, որոնց ընթացքում կքննարկվեն հիվանդության դեմ պայքարի արդի խնդիրները, այնպես էլ պացիենտական:

«Պացիենտական համաժողովին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրվողները, անկախ մասնագիտությունից: Դրանց ընթացքում կփորձենք հասարակությանը հիվանդության հետ կապված հուզող բոլոր հարցերին պատասխանել»,- ասաց կազմակերպության նախագահը:

Նա նաև տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս կհայտարարվի ծառատունկի մասին, որի շրջանակում դեղձենիների այգի կտնկվի: Ծառի ընտրությունը, ըստ Քոչարյանի, պայմանավորված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի խորհրդանշական վարադգույնով՝ դեղձենու ծաղիկները ևս այդ գույնի են:

2015 թվականին հիմնադրված «Եվրոպա Դոննա Արմենիան» առաջին պացիենտական կազմակերպությունն է Հայաստանում, որը եվրոպական «Եվրոպա Դոննա» կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող կազմակերպության ներկայացուցիչն է երկրում:

Կազմակերպությունը 2015-ին իրականացրել է մարզային այցելություններ՝ կատարելով անվճար ուլտրաձայնային հետազոտություններ, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված բազմաթիվ այլ միջոցառումներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---