Վլադիմիր Պուտինը կոչ է արել կարգավորել ներքաղաքական իրադրությունը Հայաստանում քաղաքական միջոցներով

PanARMENIAN.Net - Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ՌԴ նախագահը վերստին շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ, այնուհետ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` իր զորակցությունը հայտնել Հայաստանի իշխանությանը եւ ժողովրդին:



Վլադիմիր Պուտինը կարեւորել է Հայաստանում ետընտրական շրջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քաղաքական մեթոդներով, ընդդիմության հետ երկխոսության ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը` ելնելով հայ ժողովրդի միասնականության, երկրի կայունության ու անվտանգության շահերից եւ ի նպաստ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների հետագա առավել ամրապնդման ու զարգացման, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության:



Սերժ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահը նաեւ վերահաստատել է Ռուսաստանի Դաշնություն այցի իր հրավերը, նշելով, որ ուրախ կլինի Սերժ Սարգսյանին հարմար ցանկացած ժամկետում հյուրընկալել նրան եւ ՀՀ նորընտիր նախագահի հետ ավելի հանգամանորեն քննարկել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու հեռանկարին առնչվող հարցերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---