Բակո Սահակյան. Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ ուժի լեզվով խոսելը ձախողվելու է

Բակո Սահակյան. Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ ուժի լեզվով խոսելը ձախողվելու է

PanARMENIAN.Net - Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ հայկական կողմի հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքում:

Նա հավելել է, որ ժողովուրդը, բանակը և ողջ հայությունը ցանկացած պահի արժանի հակահարված կտան Արցախի ազատությանն ու անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության:

Իր ելույթում Բակո Սահակյանը մասնավորապես ասել է.«1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ: Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին:

Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը »,-ասել է նա, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նա հավելել է, որ արցախցիներն այլընտրանք չունեինև երբևիցե չեն համակերպվել գերության հետ՝ բազմաթիվ փորձեր ձեռնարկելով օտար լուծը թոթափելու ուղղությամբ: Նա նշել է, որ Արցախյան շարժումը ազգային-ազատագրական պայքարի այն բացառիկ օրինակներից մեկն է, որն ի սկզբանե որդեգրել էր պատմական արդարության և ոտնահարված իրավունքների վերականգնումը քաղաքակիրթ ու խաղաղ միջոցներով, միջազգային նորմերին ու կանոններին խիստ համահունչ:

«Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին առանց վարանելու դիմեցին բռնությունների՝ կազմակերպելով խաղաղ հայ բնակչության կոտորածներ, ջարդեր, տեղահանումներ, որոնք դարձան մարդկության դեմ հանցագործությունների ամենագարշելի դրսևորումներից: Անմարդկային այս քաղաքականությունը Ադրբեջանը շարունակում է նաև այսօր: Բաքվի իշխանությունները չեն հրաժարվել Արցախյան հիմնախնդիրը ուժային տարբերակով լուծելու իրենց նպատակներից՝ դիմելով տարբեր սադրանքների, ամեն օր խախտելով զինադադարի ռեժիմը, ագրեսիվ քաղաքականություն վարելով Արցախի և Մայր Հայաստանի դեմ տեղեկատվական, քաղաքական, դիվանագիտական և այլ հարթություններում: Իսկ 2016 թվականի ապրիլին անցնելով լայնածավալ հարձակման՝ Ադրբեջանը պլանավորում էր սրընթաց պատերազմի միջոցով ոչնչացնել արցախյան պետականությունը:

Բոլոր այդ փորձերը ձախողվեցին, և թշնամին ետ շպրտվեց՝ տալով զգալի մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ: Այդպես եղել է և այդպես կլինի ընդմիշտ:Դրա երաշխիքը մեր հզոր բանակն է, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, իր երկիրը և հուսալի ապագան սեփական ուժերով կերտող մեր ժողովուրդը, հայրենիքի պաշտպանության ժամանակ կոփված հայրենասեր ու հզոր անկախության սերունդը»,-ասել է Բակո Սահակյանը:

Արցախի նախագահը հավելել է, որ Պաշտպանության բանակը և հայոց զինված ուժերը ազգային-ազատագրական պայքարի, անկախ պետականության ամենամեծ ձեռքբերումներից են, ժողովրդի և հայրենիքի անվտանգության ապահովման, նրա բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը:

Պետությունը այսուհետ էլ անելու է ամեն ինչ երկրի պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովման, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցման ուղղությամբ:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի և սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---