11 մարտի 2008 - 14:06 AMT
Գերմանիայի կանցլերը դեմ է արտահայտվել Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: «ՆԱՏՕ-ին պետք է անդամակցեն միայն այն երկրները, որտեղ Հյուսիսատլանտյան դաշինքին կողմ են ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաեւ բնակչության զգալի մասը»,-հայտարարել է Մերկելը, հաղորդում է AFP-ն: Մերկելը հավելել է նաեւ, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանային հակամարտությունների մեջ ներքաշված երկրների տեղը չէ:

Նշենք, որ Ուկրաինայի եւ Վրաստանի ղեկավարությունը ակտիվ ցանկություն է հայտնում անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: Ընդ որում այդ հանրապետությունների բնակիչների կարծիքը միանշանակ չէ` ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Վրաստանում կա ՆԱՏՕ-ի անդամակցության հակառակորդների զգալի քանակ: Ակնկալվում էր, որ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի եւ Վրաստանի համագործակցության ընդլայնման մասին հարցի քննարկումը պետք է կայանար ՆԱՏՕ-ի 2008թ. ապրիլին կայանալիք գագաթնաժողովում: Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հայտարարել է, թե, հավանաբար, այդ հարցի քննարկումը կարող է հետաձգվել առնվազն մինչեւ հաջորդ գագաթնաժողովը:

Իր հերթին Վրաստանի արտգործնախարար Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, թե ոչ մի երկիր բացահայտ դեմ չէ նրան, որ Վրաստանն անցնի MAP-ի` ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ գործողությունների ծրագրին: «Կան երկրներ, որոնք որոշակի կարծիք ունեն այդ հարցի շուրջ: Մենք ընդհանուր առմամբ կատարեցինք այն խնդիրը, որ դրված էր ՆԱՏՕ-ի ղեկավարության առջեւ, սակայն Բուխարեստում կայացվելիք վերջնական որոշումը մեզանից կախված չէ` վերջնական քաղաքական որոշումը կկայացնեն դաշինքի անդամները, եւ նրանք ի նկատի կունենան նաեւ այնպիսի գործոններ, որոնք կախված չեն Վրաստանից»,-ընդգծել է Բաքրաձեն: Նախարարը նաեւ ասել է, որ, ելնելով դրանից, այս փուլում չի կարելի խոսել երաշխիքների մասին, թեեւ այդ ուղղությամբ ընթացող գործընթացները բավականին դրական են: Վրաստանի MAP-ի անցնելու հարցը կորոշվի ապրիլի 2-4 Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: